211652_close_icon
views-count5925 դիտում article-date 14:58 03-07-2015

ՏԿԱԻ նախարարը շնորհավորել է ՃԿՊԱ շրջանավարտներին և հանդիպել պատանի փրկարարներին. լուսանկարներ

Հուլիսի 3-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում տեղի ունեցավ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին նախարարության ղեկավար կազմը, աշխատակիցներ, շրջանավարտների ծնողներն ու այլ հյուրեր: Տոնական ուղերձում ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնավորապես ասաց. - Կուզենայի, որ այս օրը միշտ մնար ձեր հիշողության մեջ: Դուք գիտեք, որ մենք ունենք շատ հզոր նախարարություն, և ձեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ դրա մի մասնիկը: Դուք թևակոխում եք կյանքի նոր, դժվարին փուլ, որը ես վստահ եմ` նույնպես հաջողությամբ կհաղթահարեք: Մաղթում եմ ձեզ հաջողություններ և ամենայն բարիք: Ուսանողներին շնորհավորելով` ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գնդապետ Համլետ Մաթևոսյանն ընդգծեց, որ նրանք այսօր ստանում են մի փաստաթուղթ, որը վկայում է ակադեմիայում ուսանելու տարիներին քրտնաջան աշխատանքի մասին: Հանդիսավոր արարողությամբ դիպլոմները շրջանավարտներին հանձնեցին ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը, նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը, նախարարի տեղակալ Հ. Մխիթարյանը, ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը և ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գնդապետ Համլետ Մաթևոսյանը: 7 մասնագիտությունների գծով բարձրագույն կրթության դիպլոմ շնորհվեց 174 շրջանավարտի, որից 6-ը` ակադեմիան ավարտել են գերազանցությամբ: Միջին մասնագիտական կրթական ծրագրով դիպլոմ ստացավ 36 ուսանող, որից 7-ը` գերազանց գնահատականներով։ ՃԿՊԱ շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունից հետո ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը հանդիպեց պատանի փրկարարների ջոկատին, որը հուլիսի 9-18-ը մասնակցելու է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք Պատանի հրշեջ-փրկարարների միջազգային հավաքին։ Նախարար Երիցյանը խրախուսեց պատանիներին` նշելով, որ իրենք միջազգային հավաքում Հայաստանը ներկայացնելու են որպես արտակարգ իրավիճակների կառավարման զարգացած ու հզոր համակարգ ունեցող երկիր, որի կարճ ժամանակում ունեցած ձեռքբերումներն օրինակելի են այլ երկրների համար: ՓԾ տնօրենին նախարար Ա. Երիցյանը հանձնարարեց ամենայն աջակցություն ցուցաբերել պատանի փրկարարներին` ապահովելով նրանց պատրաստվածությունը և ուղևորությունը Բելառուս: Հանդիպմանը պատանի փրկարարների ջոկատի անդամներից մեկը շվի նվագեց` նախարարին ցուցադրելով իրենց պատրաստած ելույթից մի փոքրիկ հատված: Պատանի փրկարարների ջոկատում ընդգրկված է 12-13 տարեկան 7 աղջիկ և տղա, որոնք ընտրվել են Հայաստանի տարբեր մարզերում և մայրաքաղաքում անցկացված պատանի հրշեջ-փրկարարների մրցումների արդյունքում։ Բելառուսում անցկացվող միջազգային հավաքն ավանդաբար կազմակերպվում է ամեն տարի և բաղկացած է երկու` սպորտային ու մշակութային մասերից։ ՀՀ ՏԿԱԻ նախարարության պատանի հրշեջ-փրկարարների թիմը հավաքին մասնակցում է արդեն 4-րդ տարին և ամեն անգամ վերադառնում է պարգևներով: Անցյալ տարի հավաքի մշակութային մրցույթում հայ պատանիների թիմն առանձնացել էր գեղեցիկ բեմադրությամբ ու արժանացել առաջին պատվավոր մրցանակին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր