211652_close_icon
views-count1043 դիտում article-date 15:20 29-06-2015

Մարզերում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հարցը լուրջ է դրված. փորձագետ

«Ոստայն հայոց» ՀԿ-ն Սյունիքի մարզում 4 ամիս շարունակ վերարտադրողական տարիքի կանանց և նրանց ընտանիքների շրջանում անցկացնում է «Մարզաբնակ ընտանիքների իրազեկում» խորագրով ծրագիրը: Այն իրականացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Նպատակն է իրականացնել պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելմանն ուղղված իրազեկման քարոզարշավ, նպաստել սեռով պայմանավորված աբորտների պատճառով առաջացող սոցիալական, ժողովրդագրական լուրջ հետևանքների կանխմանը: Ուստի Սյունիքի մարզում կազմակերպվեցին 11 հանդիպումներ, որոնց ընթացքում մարզի շուրջ 200 կանայք և նրանց ընտանիքի անդամներ իրազեկվեցին պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների առողջական և հոգեբանական հետևանքների մասին: Ընտրվել են մարզի այն համայնքները, որտեղ առավել ցածր իրազեկվածության մակարդակ կա: Այս խնդիրը լուծելու համար 20-25 կանանց մասնակցությամբ համայնքային հանդիպումներ կազմակերպվեցին փորձագետ բժշկի, հոգեբանի, Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցչի հետ: Ծրագրի փորձագետ Ռուզաննա Չիլինգարյանը հայտնեց, որ մարզերում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հարցը լուրջ է դրված ու շեշտեց. «Հանդիպումների ընթացքում մեզ կանայք առանձին մոտենում, ասում էին, որ իրոք իրենք խնդիրներ ունեն, և լավ կլինի, որ ընտանիքի անդամներն էլ մասնակցեն հանդիպումներին»: Ռուզաննա Չիլինգարյանը նշեց, որ կանայք, որոնց հետ հանդիպումներ են ունեցել, պատմել են, թե հիմնականում հղիության արհեստական ընդհատման իրենց դրդում են իրենց ամուսիններն ու նրանց ծնողները: Մի դեպքում էլ զույգը հղիության ընդհատումից հետո զղջացել էր, քանի որ բազմաթիվ բարդություններ էին առաջացել: Խոսելով հղիության արհեստական ընդհատման դեպքերի վրա ազդող գործոնների մասին` փորձագետն առանձնացրեց տեղեկատվության պակասն ու ոչ բավարար բժշկական խորհրդատվության ապահովումը: Այս խնդիրների լուծման համար Մեղրի և Կապան համայնքների բնակիչների շրջանում «Մարզաբնակ ընտանիքների իրազեկում» խորագրով ծրագրի շրջանակներում բաժանվեցին նաև տեղեկատվական բուկլետներ, որոնք ուղղված էին պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելմանը, պարունակում էին տեղեկատվություն կանանց իրավունքների, համապատասխան կենտրոններ դիմելու ընթացակարգերի մասին: Տեղի ունեցավ նաև «Բավական» ֆիլմի դիտումը: [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ [/b]

Նմանատիպ նյութեր