211652_close_icon
views-count1702 դիտում article-date 17:01 25-06-2015

Հիմնանորոգվում է Աշտարակ-Օշական-Դաշտ համայնքներն իրար կապող ճանապարհը. տեսանյութ

Օշական գյուղի ճանապարհի վերակառուցումը մեկնարկել է հունիսի սկզբից: Այստեղ ճանապարհաշինարարները վերանորոգում են ջրահեռացման և ոռոգման համակարգերը, փոխում են մայթեզրերի բազալտե քարերը, որոշ հատվածներում նաև լայնացվում է ճանապարհը: «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ի գլխավոր ինժեներ Կարեն Խոջյան պատմեց, որ 8կմ ճանապարհահատվածի բոլոր տեղամասերում այս պահին աշխատանքներ են ընթանում. «Մերձճանապարհային հանույթից մինչև եզրաքարերի փոխարինում նորով, ոռոգման համակարգերի փոխարինում: Տեղադրվում են անվտանգության էլեմենտներ: Աշխատում է 15-20 միավոր տեխնիկա, մոտ 50-60 բանվորական ուժ»,- նշեց Կարեն Խոջյանը: Աշտարակ-Օշական-Դաշտ համայնքներն իրար կապող միջպետական նշանակության ճանապարհին շուտով կհայտնվեն նաև ասֆալտփռիչ սարքերն ու գլդոնները: Վերակառուցման արդյունքում ճանապարհին կփռվի ասֆալտբետոնե ծածկ: Մինչ այդ, ինչպես որ կարգն է, կտեղադրվի ավազակոպճային շերտ, որն էլ իր հերթին կպատվի հարթեցնող ասֆալտե շերտով: Աշխատանքների ընթացքին հետևում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ներկայացուցիչները: Վերակառուցվող ճանապարհը սկսվում է Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության մայրուղուց և ավարտվում Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի հատման կետում: Ճանապարհահատվածը նաև կապող օղակ է հարակից համայնքների համար դեպի միջպետական մայրուղիներ: Վերակառուցման աշխատանքների ֆինանսական մասն ապահովում է Համաշխարհային դրամատունը՝ «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրի շրջանակներում: 8 կմ ճանապարհահատվածում կատարվող աշխատանքների համար հիմնանորգումն իրականցնող «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ի հետ կնքվել է 833 մլն դրամի պայմանագիր: Աշխատանքների վերջնաժամկետը հաջորդ տարվա հունիսն է, սակայն հնարավոր է, որ ճանապարհը շահագործման հանձնվի այս տարի. «Աշխատանքները նախատեսված է իրականացնել 2015-16թթ-ին, սակայն եթե այս տեմպերով շարունակենք, այն ավարտին կհասցնենք ավելի շուտ՝ այս տարվա նոյեմբերին»,- նշեց «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը: Աշխատաքների արագ տեմպերով իրականացումը չի կարող ազդեցություն ունենալ որակի վրա, հավաստիացրեց «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ի գլխավոր ինժեներ Կարեն Խոջյանը. «Մարդկային և տեխնիկական ներուժը լրիվ բավարարում է, որ որակով և արագ հանձնենք ճանապարհահատվածը»,- ասած նա: Մնում է միայն եղանակը բարեհաճ գտնվի և արևային օրերն առատ լինեն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր