Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Չեխիայում
Հունիսի 17-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, Բելառուսի և Ռուսաստանի դեսպանների, Չեխական վետերանական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին, Չեխիայի Պիսեկ քաղաքի Զատավայի կամրջի վրա հանդիսավոր պայմաններում բացեց Խորհրդային և Ամերիկյան բանակների բաժանարար գծի հուշատախտակը: Կամրջի ամերիկյան կողմից համապատասխան նշանները տեղադրվել էին դեռ 2008 թվականին:
Արարողությանը ելույթներով հանդես եկան Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի դեսպանները, ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչը, չեխական վետերանական կազմակերպությունների ղեկավարներ, Երկրորդ աշխարհամարտի չեխ վետերաններ: Դեսպան Սեյրանյանն իր ելույթում նշեց, որ 1945 թվականին Պիսեկի ազատագրմանն է մասնակցել Խորհրդային բանակի գնդապետ Զաքար Դերզյանի գլխավորած 99-րդ Ժիտոմիրյան հրաձգային դիվիզիան:
Միջոցառմանը մասնակցեցին նաև Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, որոնցից Գագիկ Տոնյանը համաֆինանսավորել էր հուշատախտակի տեղադրումը: