211652_close_icon
views-count1543 դիտում article-date 21:55 16-06-2015

Երևանի քաղաքապետը աշխատանքային շրջայց է կատարել Արաբկիր վարչական շրջանում

Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև թիվ 36 և 28 գրադարաններ, հետևել իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները զեկուցել են, որ շինարարական աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն և կավարտվեն նախատեսված ժամկետում: Հիմնանորոգվող գրադարանների տնօրեններն ու աշխատակիցներն իրենց շնորհակալությունն են հայտնել մայրաքաղաքի գրադարանների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրային հստակ քաղաքականության համար՝ նկատելով, որ ընթերցասեր հասարակության համար հարմարավետ պայմանների ապահովման արդյունքում զգալիորեն ավելանում է գրադարանի այցելուների թիվը: Նրանք նաև համոզմունք են հայտնել, որ հիմնանորոգման արդյունքում այս գրադարաններում ևս ստեղծվող իսկապես հարմարավետ պայմանները շատ լուրջ խթան կհանդիսանան նոր ընթերցասերներ ներգրավելու համար: Բացի այդ, առանձնակի կարևորվել է նաև այն հանգամանքը, որ ծրագրի իրականացման արդյունքում ամբողջությամբ կլուծվի այս գրադարաններում առկա շուրջ 57450 կտոր գրականության պահպանման խնդիրը: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Երևանի քաղաքապետը հետևել է նաև թիվ 25 մանկապարտեզում իրականացվող աշխատանքների ընթացքին: Տարեկան ծրագրի շրջանակում այս նախակրթարանում ևս փոքրիկների դաստիարակության ու խնամքի համար կապահովվեն անհրաժեշտ բոլոր պայմանները: Առանձնակի կարևորելով աշխատանքների իրականացումը՝ մանկապարտեզի տնօրենն ու աշխատակիցները նշել են, որ նախակրթարանը երբևէ նորոգման չէր ենթարկվել, ինչի անհրաժեշտությունը շատ էր զգացվում: Նրանք նաև մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողների գոհունակությունն են փոխանցել քաղաքապետին՝ նախակրթարանների հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության համար՝ ընդգծելով, որ հատկապես վերջին տարիներին պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերն իսկապես բազմաբնույթ են ու ծավալուն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին մեկ անգամ ևս վստահեցրել է, որ մայրաքաղաքի մանկապարտեզների պայմանների բարելավմանն ուղղված ծրագիրը լինելու է շարունակական, և հարմարավետ պայմաններ են ապահովվելու Երևանի բոլոր մանկապարտեզներում:

Նմանատիպ նյութեր