Հայաստանը մասնակցեց Լիոնի «Հյուպատոսական տոնակատարություններ» ամենամյա միջոցառմանը
Հունիսի 12-ից 14-ը Լիոնի կենտրոնական «Բելքուղ» հրապարակում անցկացվեց «Հյուպատոսական տոնակատարություններ» ամենամյա միջոցառումը, որին մասնակցեց նաև Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:
Հունիսի 12-ին` միջոցառման պաշտոնական բացման արարողության ընթացքում, հայկական տաղավար այցելեց Լիոնի քաղաքապետ-սենատոր Ժերար Կոլոմբը:
Նույն օրը` երեկոյան, միջոցառման շրջանակներում ներկա դեսպանների և հյուպատոսների պատվին Լիոնի քաղաքապետարանում քաղաքապետի կողմից տրվեց պաշտոնական ընթրիք, որին մասնակցեցին նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը և Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը:
Երեք օր տևած միջոցառումների ընթացքում հայկական տաղավարում կազմակերպվեց Հայաստանի բնապատկերներներն ու մշակույթը ներկայացնող լուսանկարչական ցուցահանդես, ինչպես նաև ներկայացվեց զբոսաշրջության մասին համապարփակ տեղեկատվություն: Օտարերկրյա այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու հայկական մշակույթի տարբեր ոլորտները ներկայացնող նյութերին: Հայկական մշակույթի ներկայացումը համալրեց «Նաիրի» պարային համույթը` հայկական երգ ու պարով:
Միջոցառման ընթացքում կազմակերպվեց նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկարչական ցուցահանդես: