211652_close_icon
views-count1315 դիտում article-date 11:41 15-06-2015

Աղանդների թիվն ավելացել է, աղանդավորների թիվը՝ պակասել

Հունիսի 13-ին մեկնարկել է «Ոչ ավանդական կրոնական կազմակերպությունների քայքայիչ գուրծունեության մասին» խորագրով ոչ ֆորմալ քննարկումներ-դասընթացների շարքը։ Այն նախատեսված է երիտասարդների համար։ Դասընթացները կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Դիալոգ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակերպությունը, «Մենք» ազգային հայրենասիրական երիտասարդական շարժումը, «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ-ն և Երևանի քաղաքապետարանին կից երիտասարդության հարցերի խորհուրդը։ «Դիալոգ» ՀԿ նախագահ Ալմաստ Մուրադյանը նշում է, որ դասընթացները կազմակերպվել են երիտասարդների շրջանում՝ մի քանի նկատառումից ելնելով։ Նախ՝ երիտասարդները մտնում են աղանդների մեջ, սակայն այնտեղ երկար չեն մնում, արագ էլ դուրս են գալիս։ Սա այն տարիքն է, որ շատ արագ կարողանում է ընկալել նորը, այդ նորը մտցնել միջավայր և այդ միջավայրը փոփոխել։ Մինչդեռ 30-ից բարձր տարիքային խմբի անձանց հետ, որոնք հայտնվել են աղանդներում, բավականին դժվար է աշխատել, որովհետև ունեն կյանքի որոշակի հոգևոր մենթալիտետ, կարծրատիպեր։ Բացի այդ, երիտասարդներն այն ուժն են, որոնք կարող են իրենց միջավայրում փոփոխություններ մտցնել։ Ըստ ՀԿ նախագահի՝ գիտելիքները ճիշտ է փոխանցել 18 տարեկանց սկսած, երբ երիտասարդները ծնողների, այսպես ասած, իշխանությունից դուրս են եկել, կարող են սեփական վերլուծություններն անել։ «Մենք մեր սեմինարների ընթացքում տալիս ենք գիտելիքներ՝ հասկանալու՝ որն է ճիշտ, որն է շեղում։ Որպեսզի կարողանան հասկանալ՝ ինչ է աղանդը, պետք է հասկանալ նաև՝ ինչն աղանդ չէ։ Մասնակիցներին տալիս ենք գիտելիքներ քրիստոնեության, այնուհետև աղանդների վերաբերյալ։ Դասընթացի արդյունքում կունենանք մարդիկ, ովքեր կկարողանան աշխատել այլ խմբերի հետ նույնպես,- ասում է Ալմաստ Մուրադյանը՝ նկատելով, որ մեզ մոտ քիչ են աղանդավորների հետ աշխատող մասնագետները։- Մեզ պետք է գրագետ մարդկանց խումբ, ովքեր կաշխատեն այն մարդկանց հետ, ովքեր վտանգի մեջ են գտնվում աղանդներում ներգրավվելու առումով»։ Խոսելով Հայաստանում աղանդավորների թվի մասին՝ Ալմաստ Մուրադյանը նշում է, որ 2011-ից ի վեր վիճակագրական տվյալներ աղանդավորների թվի վերաբերյալ չկա. «Սակայն իմ սեփական դիտարկումների արդյունքում կարող եմ ասել, որ աղանդների թիվն ավելացել է, բայց աղանդավորների թիվը զգալիորեն պակասել է։ Կոպիտ վերլուծություն անելով՝ կարող ենք ասել, որ եթե բնակչության թիվը չի աճել, եկեղեցիներում մարդիկ տեսանելիորեն ավելացել են, ուստի ենթադրելի է, որ աղանդավորների քանակը որոշակիորեն պակասել է։ Դա է վկայում նաև վերջին տարիներին աղանդների ավելի ագրեսիվ կեցվածքը։ Բացի այդ, դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկան շատ է օգնել, որպեսզի որոշակի տարիքի մարդիկ հետագայում չներգրավվեն աղանդներում, և իրենց հոգևոր կարիքները բավարարեն Հայ Առաքելական եկեղեցում»։ Ծրագրի շրջանակներում կտպագրվեն կրոնական անվտանգության վերաբերյալ թռուցիկներ և կբաժանվեն Երևանում և մարզերում։ Կօգտագործվեն նաև սոցիալական ցանցերը՝ աղանդների քայքայից գործունեության վերաբերյալ հանրությանն իրազեկելու համար։

Նմանատիպ նյութեր