Վանաձորում կայացավ «Ծաղկի տոն» համաքաղաքային տոնակատարությունը. ֆոտոշարք
Վանաձորի Սայաթ-Նովայի անվան զբոսայգում անցկացվեց «Ծաղկի տոն» համաքաղաքային միջոցառումը, որն ամեն տարվա նման մեկնարկել էր դեռ երեկ՝«Թեժ» լեռան հովտում:
Տոնական միջոցառմանը մասնակցեցին քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների ու մշակութային օջախների սաները, մանկապարտեզների փոքրիկներն ու անհատ կատարողներ: Իսկ տոնական միջոցառման հերոսները փոքրիկ ծաղիկներն էին, ծաղկաբույծներն ու բոլոր նրանք, ովքեր սիրում են ծաղիկներ:
Ավանդական ծաղկատեսակների, ծաղկեփնջերի, ծաղկեզամբյուղների, թեմատիկ գեղանկարչական և կավճանկարի մրցույթներին այս տարի ավելացել էր նաև ծաղկազարդ զգեստների դիմակահանդես-մրցույթը:
Միջոցառման մասնակիցները տոնակատարության ավարտին քաղաքապետ Սամվել Դարբինյանի կողմից տարբեր անվանակարգերում պարգևատրվեցին շնորհակալագրերով ու նվերներով:
Տոնը վայելելու էին այցելել նաև Վանաձորի քույր քաղաք Բաթումիի ներկայացուցիչները, ովքեր էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին քաղաքապետարանին՝կազմակերպված գեղեցիկ միջոցառման ու հաճելի օրվա համար:
Յուրաքանչյուր տարի «Ծաղկի տոն» համաքաղաքային միջոցառումը նոր լուծումներով է ներկայանում վանաձորցիներին: Այս ամենն ի շնորհիվ կրթության և մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանի ու քաղաքապետ Սամվել Դարբինյանի, ովքեր հաշվի են առնում յուրաքանչյուր մանրուք՝ տոնը տոն դարձնելու համար:
Վանաձորի քաղաքապետարան, Էդվարդ Արզումանյան
Լուսանկարները՝ Լիլիթ Յոլչյանի և Տաթևիկ Ղազարյանի