211652_close_icon
views-count673 դիտում article-date 13:47 09-06-2015

Տեղի է ունեցել ՀՀ պետական բուհերի ռեկտորների հերթական նիստը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պետական բուհերի ռեկտորների հերթական նիստը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Նիստի սկզբին ներկա է գտնվել նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, ով ներկաներին տեղեկացրել է, որ օգոստոսի 2-13-ը Երևանում անցկացվելու են Համահայկական ամառային 6-րդ խաղերը, որին, ըստ Ի. Զաքարյանի. մասնակցելու հայտ են ներկայացրել աննախադեպ թվով մասնակիցներ: Այդ կապակցությամբ Իշխան Զաքարյանն ակնկալել է ռեկտորների աջակցությունը` խաղերի կազմակերպման ընթացքում ուսանող-կամավորների ներգրավման, ինչպես նաև մի շարք բուհերի մարզադահլիճների տրամադրման հարցում: Նիստի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է մի շարք հարցերի, մասնավորապես, բուհերում ավարտական և փոխադրական, ինչպես նաև ներբուհական և ասպիրանտական քննությունների անցկացմանը` բուհերի ռեկտորներից պահանջելով բացառել կոռուպցիոն ռիսկերի և ուսանողների նկատմամբ անարդարության դրսևորման ցանկացած դեպք` ապահովելով անաչառ և օբյեկտիվ քննական գործընթաց: Նախարարը ռեկտորներին տեղեկացրել է նաև, որ հաջորդ տարվա բուհական ընդունելության քննություններն անցկացվելու են ըստ նոր մասնագիտությունների ցանկի` ելնելով եվրոպական կրթական ընդհանուր ստանդարտների միտումներից` կոչ անելով բուհերին հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել նոր, խոշորացված մասնագիտությունների ցանկը: Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև բուհերի հավատարմագրման գործընթացին` ընդգծելով, որ 2018 թվականից պետպատվերով տեղերը բաշխվելու են ըստ հավատարմագրման ցուցանիշի` կոչ անելով հավատարմագրում չանցած բոլոր բուհերին արագացնել վերոնշյալ գործընթացը: Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև բանակից զորացրված ուսանողների, բուհերի ֆինանսական կայունության, դրամաշնորհային ծրագրերում բուհերի ներգրավման և մի շարք այլ հարցերի:

Նմանատիպ նյութեր