211652_close_icon
views-count7702 դիտում article-date 14:19 30-05-2015

Արարատում 26-ամյա երիտասարդն ուսուցչուհուն ամուսնության առաջարկ է արել եւ մերժում ստանալուց հետո սպառնացել, թե՝ «լավով չես ուզում, վատով կանեմ» ու փախցրել է նրան

26-ամյա Ռաֆիկ Միլիտոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր ազգական Գ. Գալստյանի հետ խմբի կազմում առանց նախնական համաձայնության բռնություն գործադրելու միջոցով ամուսնության նպատակով բացահայտ առևանգել է Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչուհի Ա. Ռուստամյանին: Ռաֆիկ Միլիտոնյանը ամուսնության առաջարկություն անելու նպատակով տվյալ գյուղի հիմնական դպրոցում մոտեցել է նույն դպրոցում որպես ուսուցչուհի աշխատող Ա. Ռուստամյանին: Մերժում ստանալով՝ Ռ. Միլիտոնյանը Ա. Ռուստամյանին սպառնացել է թե՝ «լավով չես ուզում, վատով կանեմ»: Ռ. Միլիտոնյանը իր հորաքրոջ որդի Գ. Հակոբյանին, վերջինիս փեսաներ Գ. Գալստյանին և Է. Պետրոսյանին հայտնել է, թե Ա. Ռուստամյանը իր ընկերուհին է և խնդրել է, որ Գ. Գալստյանը իր մեքենայով իրենց տանի Երևան քաղաք՝ զբոսնելու: Նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, Գ. Հակոբյանը, Գ. Գալստյանը, Է. Պետրոսյանը և Ռ. Միլիտոնյանը վերջինիս խնդրանքով Գ. Գալստյանի վարած «ԲՄՎ» մակնիշի 34 PL 747 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով գնացել են գյուղ և միասին սպասել Ա. Ռուստամյանի տուն տանող ճանապարհին: Տեսնելով ոտքով տուն գնացող Ա. Ռուստամյանին՝ Գ. Գալստյանը Ռ. Միլիտոնյանի խնդրանքով ավտոմեքենան վարել է նրա կողքով և կանգ առել Ա. Ռուստամյանի տան դիմաց: Միլիտոնյանն իջել է ավտոմեքենայից և փողոցում գտնվող Ա. Հովհաննիսյանի ներկայությամբ հարձակվելով Ա. Ռուստամյանի վրա՝ բռնի ուժով վերջինիս նստեցրել է ավտոմեքենան, որի ընթացքում Ա. Ռուստամյանը գլխով դիպել է ավտոմեքենայի դռան շրջանակին և ստացել առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Ավտոմեքենայում Ա. Ռուստամյանը դիմադրություն է ցույց տվել Ռ. Միլիտոնյանին. ճանկռոտել նրան, պահանջել, որ իրեն բաց թողնի: Տեղի տալով իր ազգական Ռ. Միլիտոնյանի խնդրանքին՝ Գ. Գալստյանը Ա. Ռուստամյանի կամքին հակառակ իր մեքենայով նրան տեղափոխել է քաղաք Եղեգնաձոր՝ նախ՝ իր ազգական Կ. Զաքարյանի ամառանոց, ապա՝ վերջինիս տուն, այնուհետև ընտանիքով ՌԴ-ում գտնվող իր մորեղբոր՝ Գ. Կարապետյանի չբնակեցված տուն, որտեղ Ա. Ռուստամյանին և Ռ. Միլիտոնյանին թողնելով միայնակ՝ վերադարձել է Կ. Զաքարյանի ամառանոց: Ռ. Միլիտոնյանի եւ Գ. Գալստյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Վեդիի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր