211652_close_icon
views-count2983 դիտում article-date 16:47 25-05-2015

ՀՀ ՊՆ Բաղրամյան զորավարժարանում անցկացվում են զորքերի մարտունակության աստիճանի բարձրացմանը միտված զորավարժանքներ. լուսանկարներ

Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում մշտապես անցկացվում են զորքերի մարտունակության աստիճանի բարձրացմանը միտված տարաբնույթ զորավարժանքներ: Մայիսի 16-ին ՀՀ ՊՆ 5-րդ ԲԿ հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանի ղեկավարությամբ Բաղրամյան զորավարժարանում անցկացվել է գումարտակի կազմով ցուցադրական մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ: Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներից մեկը ուժեղացված էր տանկային և հրետանու միջոցներով: Զորավարժության թեման` հանդիպակաց մարտի վարումը, մանրազննին կերպով մշակվել էր վարժանքից առաջ, իսկ մասնակիցները երեք օր շարունակ մարտական պայմաններին առավել մոտեցված իրավիճակում լուծել են առաջադրված խնդիրները: Զորավարժության կրակային փուլի ընթացքում առաջադրված խնդիրը` գրոհով ջախջախել պայմանական հակառակորդին կարճ ժամկետում, տիրապետել նախաձեռնությանը և ստեղծել պայմաններ հետագա գործողությունների համար, հաջողությամբ կատարվել է ըստ նախապես մշակված պլանի: Մայիսի 22-ին էլ Բաղրամյան զորավարժարանում անցկացվել է գնդի կազմով մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ: Զորավարժությանը ներգրավված էին հյուսիսարևելյան ուղղության` հակառակորդի հետ անմիջական շփման գծի անվտանգությունն ապահովող զորամասի պայմանագրային զինծառայողները: Գնդապետ Մուրադ Աբրահամյանի հրամանատարությամբ գործող ստորաբաժանումները` մարտական հաշվարկները, տարիներ շարունակ շուրջօրյա մարտական հերթապահություն են իրականացնում սահմանագոտում: Պայմանագրայինների մարտունակության աստիճանը բարձրացնելուն միտված այս զորավարժության մեկնարկը տրվել էր մայիսի 3-ին, երբ ստորաբաժանումը բերվել էր մարտական պատրաստության բարձր վիճակի և բացազատվել էր նախանշված վայրում: ՀՀ ՊՆ 2-րդ ԲԿ հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանի ղեկավարությամբ անցկացված զորավարժությանը հետևել և մասնակցող ստորաբաժանումների գործողություններն ու մարտունակության աստիճանը տեղում գնահատել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը: Զորավարժության ընթացքում կիրառվել են հարձակողական մարտի տարաբնույթ տարրեր: Մասնավորապես, իրականացվել է հարձակման անցած ուժերի վերադասավորում, նոր բնագծերում կրակային դիրքեր են զբաղեցրել հրետանային և մոտոհրաձգային ստորաբաժանումները: Առաջադրված և զորավարժության պլանով նախատեսված բոլոր խնդիրներն իրականացվել են և արժանացել են բարձր գնահատականի: Մարտավարական զորավարժության ամփոփիչ` կրակային փուլի ավարտին ներգրավված ստորաբաժանումները վերադարձել են մշտական տեղակայման վայր և ստանձնել շուրջօրյա մարտական հերթապահությունը: Մայիսի 23-ին զորավարժարանում անցկացվել է ՀՀ ՊՆ 3-րդ ԲԿ ստորաբաժանումների ներգրավմամբ` գումարտակի կազմով ցուցադրական մարտավարական զորավարժություն մարտական հրաձգությամբ, որը ղեկավարել է ԲԿ հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը: Այս օրերին Բաղրամյան զորավարժարանում ճամբարային հավաքներ և մարտական հրաձգության գործնական դասընթացներ են անցկացնում ՀՀ ՊՆ 3-րդ ԲԿ զորամիավորման հրետանային ստորաբաժանումները: Մայիսի 30-ից հունիսի 6-ը էլ Բաղրամյան զորավարժարանում եռաստիճան մարտավարական զորավարժություն կանցկացնեն ՀՀ ՊՆ 5-րդ ԲԿ ստորաբաժանումները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր