211652_close_icon
views-count1190 դիտում article-date 20:47 22-05-2015

Ավարտվել է մարտական հերթապահության կանոնները խախտելու, բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում ավարտվել է դասակի հրամանատարի կողմից մարտական հերթապահության կանոնները խախտելու, ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քննությամբ պարզվել է, որ N զորամասի 1-ին դասակի հրամանատար, կոչումով ավագ լեյտենանտ Հ.Ղազարյանը, ընդգրկված լինելով մարտական հերթապահության զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված մարտական դիրքում որպես դիրքի ավագ, դիրքում ծառայության նշանակված զինծառայողների նկատմամբ պետ, խախտել է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կանոնները։ Մասնավորապես՝ ի պաշտոնե պարտավոր լինելով հսկողություն սահմանել ենթակա անձնակազմի ծառայության նկատմամբ, կանխել խախտումները՝ անձամբ է թույլ տվել խախտումներ։ Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ հերթապահության ընթացքում`երեկոյան ժամերին, ոգելից խմիչք է օգտագործել, տվյալ ժամի դիտորդներին տվել այնպիսի կարգադրություններ, որոնց հետևանքով նվազել է մարտական հենակետի մարտունակությունը, հերթափոխի ընթացքում ՀՀ սահմանի տվյալ հատվածը մնացել է առանց բավարար հսկողության՝ վտանգելով ենթակաների կյանքն ու առողջությունը: Բացի այդ, պարզվել է, որ նույն դիրքի ավագի օգնական, շարքային Դ.Սարիբեկյանի կողմից զինվորական ծառայության պարտականությունների կապակցությամբ արժանանալով հանդիմանության՝ դասակի հրամանատարը վիճաբանել է, բռնություն գործադրել նրա նկատմամբ, իսկ վիճաբանությանը ներկա գտնվող զինծառայողների միջամտությունից անմիջապես հետո բռնության սպառնալիք գործադրել շարքայինի նկատմամբ՝ ինքնաձիգից արձակելով անկանոն մենահատ կրակոցներ: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ վիճաբանության ժամանակ շարքային Դ.Սարիբեկյանը ևս բռնություն է գործադրել ավագ լեյտենանտի նկատմամբ՝ ապտակել, ինքնաձիգի խզակոթով հարվածել կրծքավանդակի շրջանին: Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ պայմանագրային զինծառայողներին՝ ավագ լեյտենանտ Հ.Ղազարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով և 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ շարքային Դ.Սարիբեկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր