Բագարանում կտեղակայվի 4 հակակարկտային կայան
ՀՀ կառավարությունը որոշել է Արմավիրի մարզի Բագարան համայնքում չորս հակակարկտային կայանքի ձեռքբերման և տեղակայման համար Արմավիրի մարզպետարանին հատկացնել 16 մլն դրամ: Մարզի գյուղատնտեսությունն ամեն տարի զգալի վնաս է կրում կարկուտի պատճառով:
Իր նախորդ նիստում գործադիրը սահմանել է, որ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող մատչելի վարկերի ծրագրի շարունակությունն ապահովելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկին 2015թ. հատկացվելու է 10 մլրդ դրամ: Ելնելով դրանից, կառավարությունը որոշել է ԿԲ-ին հատկացնել 10 մլրդ դրամի չափով բյուջետային վարկ՝ մարման որոշակի ժամկետով, տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով:
Նկատի առնելով 2014թ. տեղի ունեցած մի շարք դեպքերը, մասնավորապես Եղվարդի մանկապարտեզում երեխաների զանգվածային թունավորումը, կառավարությունը վերացրել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջության պահպանման տեսչության դպրոցներում և նախադպրոցական հիմնարկներում ստուգում անցկացնելու արգելքը: