1998 դիտում
20:41 08-05-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
Աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կրեմլում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով:
Հայաստանի Հանրապետության Նախագահի ելույթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
Պետությունների հարգելի՛ ղեկավարներ, ողջունում եմ ձեզ:
Առաջին հերթին, շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ջերմ ընդունելության և ռուսաստանցի գործընկերների կողմից Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի լավ կազմակերպման համար:
Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրն ուժի մտնելուց հետո սա մեր այս տարվա առաջին պաշտոնական նիստն է: Կարծում եմ՝ անչափ խորհրդանշական է, որ այն անցկացվում է Մեծ հաղթանակի 70-ամյակի հոբելյանի նախօրեին, մի տոնի, որը ոչ այլ ինչ է, քան մեր ժողովուրդների՝ ֆաշիզմի ջախջախման գործում վճռորոշ ներդրում ունեցած եղբայրության խորհրդանիշ, մի տոնի, որը խորհրդանշում է միասնության ուժը, արդարության, խաղաղության, միջազգային անվտանգության համար տարվող պայքարի ուժը:
Մեծ հաղթանակի ժառանգությունն այսօր էլ ամուր հիմք է ծառայում մեր ժողովուրդների միջև եղբայրական կապերի խորացման և մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցության համար: Շնորհավորում եմ մեզ բոլորիս այս հրաշալի հոբելյանի կապակցությամբ:
Հարգելի՛ գործընկերներ,
Այս տարվա սկզբից մեր երկրների տնտեսությունները սկսեցին լայնածավալ փոխգործակցություն նոր իրողություններում և պայմաններում, ավելի քան 170 միլիոն սպառող ունեցող ընդհանուր շուկայով, որտեղ ապահովված են ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար համապատասխան իրավական հիմքեր: Աշխատանքը պետք է ուղղված լինի առևտրային և ներդրումային հոսքերի ավելացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, ԵԱՏՄ ինստիտուտների ուժեղացմանը և վերջնարդյունքում՝ մեր տնտեսությունների ինտեգրման ավելի բարձր մակարդակի հասնելուն: Վստահ եմ, որ այսօրվա նիստի օրակարգում ներառված հարցերը և համապատասխան որոշումները, որոնք մենք կընդունենք, թույլ կտան առաջ շարժվել այս ուղղությամբ:
Այսօր մենք կշարունակենք Եվրասիական ինտեգրացիոն միությանը՝ Ղրղզստանի Հանրապետության միանալուն ուղղված աշխատանքը: Հայաստանում ավարտված է ներպետական համաձայնեցման գործընթացը, որն անհրաժեշտ է 2015թ. փետրվարի 6-ին Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին համաձայնեցված արձանագրությունների նախագծերի ստորագրման համար: Հետևաբար, ելնում ենք նրանից, որ առանց փոփոխությունների այս արձանագրությունների ստորագրումը թույլ կտա անցնել վավերացման գործընթացին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն:
Եվրասիական տնտեսական միությունը դառնում է առևտրատնտեսական լուրջ միավոր, որը գրավում է շատ երկրների հետաքրքրությունը՝ Լատինական Ամերիկայից մինչև Ասիա: Տարբեր երկրների հետ առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը և նրանց հետ համագործակցության մասին համաձայնագրերի ստորագրումը նպաստում են մեր ընդհանուր շուկայի ընդլայնմանը: Այդ ուղղությամբ կարևոր քայլ է Վիետնամի հետ Ազատ առևտրի մասին համաձայնագրի նախապատրաստման գործընթացի ավարտումը: Անհրաժեշտ եմ համարում շարունակել ընդլայնել համագործակցության աշխարհագրական արեալը նաև հարավային ուղղությամբ, մասնավորապես՝ Իրանի հետ ավելի սերտ կապերի հաստատման միջոցով: Անհրաժեշտ է նաև հատուկ ուշադրություն հատկացնել Հարավարևելյան Ասիան և Պարսից ծոցը ԵԱՏՄ երկրների հետ միացնող խոշոր տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերի ներդրմանը:
Այս համատեքստում, անշուշտ, յուրահատուկ ներուժ կա ԲՐԻԿՍ երկրների հետ փոխշահավետ համագործակցության հաստատման մեջ, որտեղ Ռուսաստանն առանցքային դեր ունի: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Նախագահին՝ ԲՐԻԿՍ անդամ երկրների առաջնորդների և Եվրասիական տնտեսական միության և Համագործակցության Շանհայի կազմակերպություն մեջ մտնող պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու հրավերի համար:
Մեր պետությունների համար կարևոր նշանակություն և հսկայական ներուժ ունի Չինաստանի՝ աշխարհի խոշորագույն տնտեսություններից և մեր միության գլխավոր առևտրային գործընկերներից մեկի հետ համագործակցությունը: Նման համագործակցության խորացումը թույլ կտա ոչ միայն ընդլայնել մեր ընդհանուր շուկան, ներգրավվել ներդրումներ, այլև միանալ խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը՝ այսպիսով դիվերսիֆիկացնելով մեր միության լոգիստիկ հնարավորությունները:
Հարգելի՛ գործընկերներ,
Միջազգային և տարածաշրջանային մի շարք անբարենպաստ գործոնների ազդեցության ներքո մեր տնտեսական տարածքը բախվում է որոշակի դժվարությունների, որոնց հաղթահարումը կախված է ընդունվող որոշումների մշակվածությունից և դրանք արդյունավետ կյանքի կոչելուց: Մեր պետությունները հասել են ինտեգրացիայի որոշակի մակարդակի, և համաշխարհային տնտեսության զարգացման միտումները պահանջում են մեր գործողությունների համակարգվածության մակարդակի բարձրացում: Այս ուղղությամբ կարևոր քայլը 2015-2016թթ. համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշների մասին նախագծի հաստատումն է, որի իրականացումը թույլ կտա ապահովել մեր պետությունների մակրոտնտեսական կայունությունը և կնպաստի տնտեսական աճի տեմպերի բարձրացմանը:
Մեր միության գործունեության առաջնային ուղղություններից մեկը միասնական էլեկտրաէներգետիկ շուկայի ստեղծումն է: Մեր պետությունները տիրապետում են էներգետիկ պաշարների հսկայական ծավալների և ունեն արտադրական ներուժ: Անհրաժեշտ է օգտագործել այս համեմատական առավելությունը՝ հիշյալ ոլորտում ԵԱՏՄ միջազգային մրցունակության բարձրացման համար: Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկ ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգի հետևողական իրագործումը և այդ շուկայի արդյունավետ գործարկումը թույլ կտան ուժեղացնել ԵԱՏՄ-ի՝ որպես գլոբալ էներգետիկ շուկայի առանցքային խաղացողի դիրքերը:
Մեր համատեղ գործունեության մեկ այլ կարևոր ուղղությունը ծառայությունների շուկայի փուլային ազատականացումն է: Հայաստանն ամբողջ ծավալով միանում է ծառայությունների միասնական շուկայի ցանկին, որը հաստատվել է ԵՏԲԽ 2014թ. դեկտեմբերի 23-ի որոշմամբ: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ տնտեսական ինտեգրման գործընթացում ապրանքների շուկայի ազատականացումը առանց ծառայությունների շուկայի ազատականացման, թույլ չի տալիս լիարժեքորեն գործարկել ինտեգրացիոն միավորման տնտեսական ողջ ներուժը: Կարծում եմ՝ տվյալ ոլորտը պետք է լինի մեր ուշադրության կիզակետում:
Պետությունների հարգելի ղեկավարներ,
ԵԱՏՄ գործունեության շրջանում կատարվել է մեծ աշխատանք: Համարում ենք, որ այսօր անհրաժեշտ է չթուլացնել հավաքած տեմպը, չի կարելի բավարարվել ձեռքբերածով, անհրաժեշտ է կառուցել հեռանկարային ծրագրեր: Պայմանագրի համաձայն՝ այս ուղղությամբ կարևոր գործառույթ է վերապահված Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, որը հաջորդ տարվա փետրվարի 1-ից պետք է ձևավորվի նոր կազմով, հնարավոր է նաև՝ նոր ձևաչափով:
Այդքան էլ շատ ժամանակ չի մնացել մինչև նշված ժամկետը: Ուստի, առաջարկում եմ առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում լավ ծանոթանալ այս հարցին այն հաշվարկով, որ հաջորդ գագաթնաժողովին մենք կարողանանք հաստատել հանձնաժողովի կազմը և նախագահին՝ ռոտացիոն սկզբունքի հիման վրա:
Շնորհակալ եմ ուշադրության համար:
Նմանատիպ նյութեր
2295 դիտում
21:38 21-12-2015
Մոսկվայում Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1653 դիտում
15:58 29-05-2014
Նախագահ Սերժ Սարգսյանը Աստանայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին
1168 դիտում
16:37 16-10-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
Այս բաժնից
808 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
667 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
463 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը