211652_close_icon
views-count2078 դիտում article-date 17:53 23-04-2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում տեղի է ունեցել ոգեկոչման մարզային արարողություն. տեսանյութ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մարզային միջոցառումների ծրագրի շրջանակներում Աբովյան քաղաքի Զ. Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն, որին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, մարզպետարանի պաշտոնատար անձինք, մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ, մարզային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մինչ միջոցառման մեկնարկը երաժշտական դպրոցի բակում հնչել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փողային նվագախմբի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում նախատեսված կատարումները, որոնք շարունակվել են նաև դահլիճային արարողության ընթացքում: Երաժշտական դպրոցի նախասրահում ցուցադրվել են նաև Աբովյանի գեղարվեստի դպրոցի սաների նկարչական թեմատիկ աշխատանքները: Ոգեկոչման մարզային արարողությունը մեկնարկել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի հոգևոր սպասավոր Տեր Անդրանիկ աբեղա Գևորգյանի օրհնության խոսքով: Դիմելով մարզային միջոցառման մասնակիցներին՝ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը նշել է, որ <<Այս օրերին մարզում իրականացվել են ոգեկոչման բազմապիսի և բազմաժանր միջոցառումներ, տարբեր համայնքներում տեղադրվել են խաչքար-հուշակոթողներ, կազմակերպվել են հոգևոր ու աշխարհիկ հսկայծավալ արարողություններ, որոնք արժանիորեն մաս են կազմում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում իրականացվող համապետական ու համազգային նախաձեռնությունների շարքին>>: Մարզային միջոցառման ընթացքում, օրվա խորհրդին բնորոշ իրենց կատարումներով հանդես են եկել մարզի լավագույն գեղարվեստական խմբերն ու անհատ կատարողները: Արարաղության մասնակիցներին ներկայացվել են Կոմիտասի և Բախի մի շարք ստեղծագործություններ, ազգային, հոգևոր ու հայրենասիրական բազմաբնույթ կատարումներ, ինչպես նաև ասմունքել են մարզային ու հանրապետական մրցույթների բազմակի դափնեկիր ասմունքողներ: Ոգեկոչման արարողության ընթացքում կազմակերպվել են նաև մարզի դպրոցականների՝ <<Հիշում եմ և պահանջում…>> խորագրով շարադրությունների մրցույթի լավագույն աշխատանքների ընթերցումներ, որից հետո հիշյալ մրցույթում հաղթող ճանաչված 10 աշակերտներ արժանացել են ՀՀ Կոտայքի մարզպետի շնորհակալագրերի և խորհրդանշական հուշանվերների: Մարզային ոգեկոչման ձեռնարկն ավարտվել է Աբովյանի Զ. Սահակյանցի անվան երաժշտական դպրոցի երգչախմբի կատարումներով: Այնուհետև երաժշտական դպրոցի բակից մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում նախատեսված երիտասարդական երթը, որն ավարտվել է Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցում կազմակերպված հոգևոր արարողությամբ: Մարզի երիտասարդները մասնակցել են նաև մոմավառության և եկեղեցու աստիճանավանդակին կազմակերպել ֆլեշ-մոբ՝ ստանալով 100 թվի խորհրդանշական պատկերը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր