211652_close_icon
views-count1257 դիտում article-date 21:02 14-04-2015

«Հիշում եմ և պահանջում». միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, պաշտոնատար այլ անձանց ու բազմաթիվ հյուրերի հետ միասին ներկա է գտնվել մայրաքաղաքի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցում կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառման շրջանակում, որն ուղեկցվել է բեմականացումներով, կրթօջախի սաները հանդես են եկել Ցեղասպանության համընդհանուր ճանաչման, դատապարտման ու արդարության  վերականգնման պահանջատիրության կոչով՝ հատկանշելով, որ այսօր պետականություն ունեցող և Արցախյան ազատամարտում փայլուն հաղթանակ տարած Հայաստանը հիշում է և պահանջում: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, առանձնակի կարևորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կրթօջախներում կազմակերպվող միջոցառումները, նկատել է, որ դրանք բովանդակային առումով հագեցած են և առանձնանում են պահանջատիրության կոչով ու հպարտության զգացումով: «Շատ ոգևորված եմ, որ Երևան քաղաքում և, ընդհանրապես, հանրապետության դպրոցներում սկիզբ առած միջոցառումներն իրենց բովանդակային մասով առավել քան ոգեղեն են, որտեղ մատնանշվում են նաև ազատամարտը, պայքարը, ինքնապաշտպանությունն ու առանձին անդրադարձ է արվում 1918թ.-ի և այսօրվա Հայաստանի Հանրապետությանը: Եվ այն փայփայանքը երկրի նկատմամբ, այն հարգանքը, որ սերմանվում է այսօր աշակերտներին, որն իրենք իրենց խոսքով են փաստում, չափազանց կարևոր է: Կոչ կանեմ բոլոր մանկավարժներին, որ իրենց միջոցառումներով շարունակեն առավել ոգի հաղորդել երեխաներին, անշուշտ անդրադարձ ունենալով հիշողությանը, ցավալի իրողությանը, այդ միջոցառումներից, սակայն, երբևէ չպակասեցնելով պահանջատիրության և հպարտության զգացումը»,- ընդգծել է փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:

Նմանատիպ նյութեր