ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
                        ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, Սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արմեն Հայրապետյանը, նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև համակարգում ընդգրկված կառույցների ղեկավարներ:
Խորհրդակցության սկզբում նախարարը աշխատակազմին է  ներկայացրել  ջրային տնտեսության պետական կոմիտեի  նորանշանակ  նախագահ Արամ Հարությունյանին: Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախարարը մասնավորապես նշել  է, որ համատեղ աշխատանքի  միջոցով հնարավոր կլինի արդյունավետ լուծումներ տալ համակարգի առջև ծառացած խնդիրներին, որպեսզի այս տարի ոռոգման համակարգի գործունեության հետ կապված դժգոհություններ և բողոքներ չլինեն: 
Նախարարը նաև  ընդգծել է, որ  այս ոլորտում արդեն իսկ զգալի աշխատանք է կատարվել, որի արդյունքում այս տարի ոռոգման համակարգը մարտի 1-ից արդեն իսկ ամբողջությամբ  պատրաստ է եղել ոռոգման սեզոնին:
«Առատ տեղումները  բարենպաստ իրավիճակ են ստեղծել գյուղատնտեսության համար, ջրամբարները լցվում են, և բոլոր գործոններն առկա են ոռոգման սեզոնը պատշաճ կազմակերպելու համար: Այս պահին մեր հիմնական խնդիրը պետք է լինի ոռոգման ջրի  ժամանակին և արդարացի  բաշխման կազմակերպումը»,- իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Այնուհետև փոխնախարարները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում կատարված ընթացիկ աշխատանքներն ու խնդիրները:
Նախարարը պատասխանատուներին հորդորել է  ուշադրության կենտրոնում պահել անասնաբուժության ոլորտում առկա խնդիրները `  պատշաճ կերպով և ժամանակին կազմակերպելով պատվաստումները: Հանձնարարվել է նաև առանձնահատուկ ուշադրության դարձնել մթերումների կազմակերպման` մասնավորապես կաթի մթերման գների նվազեցումներ թույլ չտալու հարցերին:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը զեկուցել է, որ  այս պահին հանրապետությունում  դիտվող անձրևի, իսկ բարձրադիր գոտիներում` նաև ձյան տեսքով  տեղումները որևէ անհանգստության տեղիք չեն տալիս և բերքին վնաս չեն կարող հասցնել:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև այլ հարցեր:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

