Հեղինակավոր «Le Figaro» պարբերականի «Histoire» ամսագրի ապրիլյան համարում հրապարակվել է Հայոց ցեղասպանությունը նվիրված հոդված
«Հայաստան. մոռացված ցեղասպանություն» վերնագրով հոդվածը, որը հեղինակել է ֆրանսահայ պատմաբան Միքայել Նիշանյանը, մանրամասնորեն ներկայացնում է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ժամանակագրությունը, դրան նախորդող համիդյան ջարդերը և ցեղասպանության հիմքում ընկած թուրք ազգայնական գաղափարախոսության առաջխաղացումը:
Հոդվածի «Մեկդարյա ժխտողականություն» բաժնում առանձին անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանությանը հաջորդած և ներկայումս շարունակվող թուրքական իշխանությունների ժխտողականության քաղաքականությանը` որպես դրա ցայտուն օրինակ նշելով Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի օրվա փոփոխությունը, որը սակայն, ըստ հեղինակի, հակառակ թուրք ղեկավարության սպասելիքների, արդյունք չտվեց միջազգային հանրության ուշադրությունը շեղելու հարցում:
Ամսագրի էջերում զուգահեռաբար ներկայացված են Ֆրանսիայում վերջին ամիսներին Հայոց ցեղասպանության թեմայով հրատարակված բազմաթիվ աշխատությունները և ապրիլին կայանալիք խոշոր ցուցադրությունները: