Լոնդոնի հայկական դպրոցների 39 ուսուցիչ վերապատրաստում է անցել ՀՀ սփյուռքի նախարարության 2014-15 թթ. ծրագրի շրջանակում
ՀՀ սփյուռքի նախարարության «Հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցություն» 2014-2015թթ. ծրագրի շրջանակներում ս.թ. մարտի 13-22-ը Լոնդոնի Գևորգ Թահթայան կիրակնօրյա և Հայկական շաբաթօրյա դպրոցներում վերապատրաստում անցկացրեց հայերենի ուսուցիչ Աստղիկ Բալայանը:
Վերապատրաստման դասընթացներին մասնակցել է 39 ուսուցիչ և կրթական հանձնախմբերի ներկայացուցիչ: Հիմնականում գործնական բնույթ կրող դասընթացները նպատակաուղղված էին աշակերտների գրաճանաչության գործի արդյունավետ կազմակերպմանը, սովորողների կարդալու կարողության զարգացման ժանանակակից մոտեցումներին, խոսքի զարգացման աշխատանքների, ինչպես նաև գրավոր խոսքի կատարելագործմանն արդյունավետ միջոցների առանձնահատկություններին:
Մասնագետը ծանոթացել է դպրոցների առօրյային, մասնակցել ուսումնական աշխատանքներին, զրուցել երեխաների ու նրանց ծնողների հետ:
Աստղիկ Բալայանը դպրոցներին է հանձնել ՀՀ սփյուռքի նախարարության նվերները, կոչ արել առավել ակտիվ մասնակցել Հայրենիք-Սփյուռք կապերի մերձեցմանն ու հայրենաճանաչությանն ուղղված ծրագրերին, միջոցառումներին:
Մասնագետը հավաստիացնում է, որ Լոնդոնի հայկական դպրոցների հիմնական դժվարությունները կապված են ուսումնական սեփական տարածքի բացակայության հետ. ուսուցիչները ստիպված են յուրաքանչյուր ուսումնական օր իրենց ուսումնական նյութերը տեղափոխել մի հաստատությունից մյուսը: Նկատելի են նաև սովորողների թվաքանակի ապահովման հետ կապված խնդիրներ, քանի որ ընտանիքներում աստիճանաբար թուլանում է հայերենի նկատմամբ հետաքրքրությունը և դրանով պայմանավորված նաև վերաբերմունքը հայերենի ուսուցման նկատմամբ: Ուստի մանկավարժները մշտապես ունեն շարունակական մեթոդական աջակցության, ուսումնական նյութերի թարմացման կարիք:
Գ.Թահթայանի անվան կիրակնօրյա դպրոցի տնօրեն Ռուզաննա Թաթուլյանը և Հայկական շաբաթօրյա դպրոցի տնօրեն Ռամելա Ղազարյանը, շնորհակալական նամակ հղելով ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը կազմակերպելու համար, նշել են, որ Ա.Բալայանը համայնքի ուսուցիչներին է փոխանցել անհրաժեշտ վերապատրաստման նյութեր և իր աշխատանքով մեծ խանդավառությամբ համակել ուսուցիչներին և աշակերտներին:
Տնօրենները հույս են հայտնել, որ նմանատիպ ծրագրերը կունենան շարունակական բնույթ, և ներկայացրել են լրացուցիչ ուսումնաօժանդակ գրականությամբ դպրոցներին ապահովելու խնդրանք