Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հերթական միջոցառումը` Վիրահայոց թեմում. լուսանկարներ
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում Վրաստանի հայ երաժիշտների միության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, կայացավ դասական երաժշտության համերգ՝ Հայոց Ցեղասպանության զոհերի 100-րդ տարելիցի հիշատակին: Միջոցառման գլխավոր նվագարանը ջութակն էր:
Դասական երաժշտության համերգը իրենց ներկայությամբ պատվել էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, լարային երաժշտության մասնագետներ և գնահատողներ:
Միջոցառումը ներածական խոսսքով բացեց երաժշտագետ, պրոֆեսոր Մարիա Կիրակոսովան, արժևորելով այն բարդ ու աշխատատար ուղին, որ անցնում են լարային երաժշտությունը և ջութակի դասարանն ընտրած ուսանողները և փառքով նշեց այն ձեռքբերումները, որ ունենում են հատկապես պրոֆեսոր Էռնստ Առաքելովի դասարանի ուսանողները:
Այնուհետև երիտասարդ ջութակահարուհիներ Մարիաննա Կիրակոզովան և Ստելլա Մկրտչյանը, դաշնակահարուհի Թեոնա Միքելաձեի նվագակցությամբ, որպես հիշատակի խոնարհում, կատարեցին Մոցարտի, Պագանինի, Բախի, Բեթհովենի, Վեյավսկու, Խաչատրյանի և մյուսների ստեղծագործությունները:
Իրենց ելույթներում Վրաստանի Հայերի միության ղեկավարը և Վիրահայոց թեմի առաջնորդը բարձր գնահատեցին երիտասարդ ջութակահարների վարպետ կատարումները և երախտիքի խոսքեր ուղղեցին Մաեստրոյին դասական երաժշտության գեղեցիկ համերգով Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար: