211652_close_icon
views-count1579 դիտում article-date 18:31 17-03-2015

Երիտասարդական հիմնադրամը փոխհատուցեց նաեւ «Ես ուսանող եմ» լուսանկարների միազգային մրցույթի հաղթողների ուսման վարձը

Մարտի 17-ին տեղի ունեցավ «Ես ուսանող եմ» խորագրով լուսանկարների երկրորդ միջազգային մրցույթի աշխատանքների ցուցադրություն եւ մրցույթում հաղթած լուսանկարների հեղինակների պարգեւատրում։ Մրցույթը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Հ. Այվազովսկու անվան բարեգործության եւ մեկենասության աջակցման միաբանությունը։ Մրցույթն անցկացվել է 6 անվանակարգում՝ «Գեղարվեստական արժեքի համար», «Թեմատիկ լավագույն լուսանկար», «Լավագույն ռեպորտաժ», «Լավագույն փաստագրական լուսանկար», «Հումորի համար», «Սեւ-սպիտակ լավագույն լուսանկար»։ Հանձնվել են նաեւ «Հանդիսատեսի համակրանք» եւ Անդրանիկ Քոչարի անվան մրցանակներ։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, խոսելով ներկայացված աշխատանքների մասին, նշեց. «Նայելով լուսանկարները՝ մի պահ տեղափոխվում ենք մեր ուսանողական կյանք ու որոշակի համեմատություններ կատարում։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ ուսանողական կյանքն առանձնապես չի փոխվել։ Բոլոր ժամանակներում այն գրեթե նույնն է»։ Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ 6 անվանակարգերում հաղթած 4 ուսանողներ, որոնք սովորում են վճարովի համակարգում, Երիտասարդական հիմնադրամի կողմից կստանան ուսման վարձի փոխհատուցում 150 հազարական դրամի չափով։ Մրցույթի ժողովրդական ժյուրիի նախագահ Կարեն Քոչարյանն ընդգծեց, որ ծրագրի նպատակն է պրոպագանդել լուսանկարչությունը Հայաստանում. «Մենք ունեցել ենք հրաշալի լուսանկարիչներ, հայկական լուսանկարչության փառահեղ պատմություն, եւ այս նախաձեռնությամբ ցանկանում ենք զարգացնել այդ արվեստը մեր երկրում»։ Մրցույթի պրոֆեսիոնալ ժյուրիի նախագահ, լուսանկարիչ, գեղանկարիչ Վահան Քոչարը, նշեց, որ տպավորված է ներկայացված աշխատանքների եւ՜ քանակով, եւ՜ որակով։ Տեղեկացնենք, որ մասնակցության հայտ է ուղարկել ավելի քան 120 երիտասարդ, որոնցից 56-ը մասնակցել են մրցույթի։ Ընդհանուր առմամբ ներկայացվել է 242 լուսանկար։ «Ես ուսանող եմ» խորագրով լուսանկարների մրցույթի նպատակն է բացահայտել լուսանկարչությամբ հետաքրքրված ակտիվ երիտասարդներին եւ օգնել նրանց դառնալ պրոֆեսիոնալ։ Հաղթած ուսանողները ստացան նաեւ Վահան Քոչարի հեղինակած «Հայ լուսանկարիչներ» գիրքը։ Նրանք կմասնակցեն Վահան Քոչարի կողմից անցկացվող վարպետաց դասերին։ Իսկ ներկայացված լուսանկարներն ամբողջ տարվա ընթացքում կցուցադրվեն բուհերում, տարբեր կազմակերպություններում։

Նմանատիպ նյութեր