211652_close_icon
views-count34921 դիտում article-date 08:43 12-03-2015

Արտակարգ ու ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. սպանության համար ցմահ ազատազրկվածի նախկինում դատված 39-ամյա եղբայրը որսի ժամանակ ավտոմեքենայում անզգուշաբար սպանել է 36-ամյա որսընկերոջը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 11-ին, արտակարգ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:30-ի սահմաններում Արևագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակիչ, 39-ամյա Արթուր Անտոնյանը մեղայականով ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին և հայտնել, որ ժամը 18:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Բազմաբերդ գյուղի դաշտերում իր հորաքրոջ թոռ Արկադիի կողմից վարած Վազ 2107 մակնիշի ավտոմեքենայի խցիկում իրեն պատկանող ԻԺ 5412 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացանը լիցքավորված վիճակում դրել է վարորդի և ուղևորի միջնամասում: Շրջադարձի ժամանակ, ըստ նրա հայտարարության, հրացանը պատահաբար կրակվել է, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ, 36-ամյա Միշա Համբարձումյանը գլխի մասում ստացել է հրազենային վնասվածք և տեղում մահացել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Անտոնյանը եղել է իր ընկերների հետ, ովքեր փորձել են մահացածին բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխել Էջմիածնի հիվանդանոց, սակայն արդեն արձանագրվել էր նրա կենսաբանական մահը: Բազմաբերդ է մեկնել ոստիկանության Արագածոտնի մարզի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանը, նրա տեղակալներ Գուրգեն Գյոզալյանն ու Արշակ Ափոյանը, ինչպես նաև Աշտարակի ոստիկանության օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ: Նշված վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Պետրոսյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 109 հոդվածի 1-ին մասի (անզգուշությամբ մահ պատճառելը) հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Անտոնյանը նախկինում եղել է դատապարտված, իսկ նրա հարազատ եղբայրը տարիներ առաջ Մասիս քաղաքում մի ընտանիքի առանձնակի դաժանությամբ սպանելու համար դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «ԻԺ» տեսակի ողորկափող որսորդական հրացանը օրինական է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր