211652_close_icon
views-count1019 դիտում article-date 18:34 11-03-2015

Միջազգայնացումը Հայաստանի կրթական առաջնահերթություններից է. Ա. Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել Հայաստանում կրթության միջազգայնացման գործընթացին նվիրված "Connecting Globally" համաժողովին, որը կազմակերպել էր Բրիտանական խորհուրդը: Բացման խոսքում նախարարն ընդգծել է, որ միջազգայնացումը Հայաստանի կրթական առաջնահերթություններից է. "Կրթական համակարգի հիմքում ի սկզբանե դրել ենք երեք կարևոր գործոն. առաջին՝ ազգային դպրոց և ազգային կրթակարգ, երկրորդ՝ Խորհրդային Հայաստանի կրթագիտական ավանդույթների պահպանում և ժամանակի պահանջներին համահունչ կրթական համակարգի կառուցում, կրթության միջազգայնացում, առանց որի հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից և մրցունակ կրթական համակարգ: Միջազգայնացման շնորհիվ մենք այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանը դարձել է եվրոպական կրթական տարածքի մաս",- նշել է Ա. Աշոտյանը և հավելել, որ կրթական համակարգի միջազգայնացման համատեքստում օտար լեզուների, հատկապես անգլերենի ուսուցման զարգացումը կարևոր նշանակություն է ստանում: Նախարարի խոսքով՝ անգլերենի միջազգային չափանիշներով իմացություն հավաստող թեստերի հաղթահարումը դարձել է Հայաստանի կրթական համակարգի պարտադիր պահանջ. "Եթե տարիներ առաջ օտար լեզվի իմացությունը կարող էր ընդունվել մարդու մրցակցային առավելություն, ապա այսօր, իսկ մոտ ապագայում առավել ևս, օտար լեզվի իմացությունն արդեն դիտվելու է պարտադիր պահանջ՝ ամրագրված մասնագետի պաշտոնի անձնագրում: Հետևաբար օտար լեզուների ուսուցման հարցերում մենք պետք է ապավինենք միջազգային չափանիշներով իրենց մրցունակությունն ապացուցած գործիքներին",- շեշտել է նախարարը ՝հավելելով, որ այս իմաստով Բրիտանական խորհուրդը համարվում է ՀՀ ԿԳՆ հուսալի գործընկերներից մեկը, որը լայն աջակցություն է ցուցաբերում ուսուցիչներին անգլերենի դասավանդման կատարելագործման գործում: Նախարարի խոսքով, ակնհայտ է, որ վերջին տարիներին հայ երիտասարդների մոտ օտար լեզուների, հատկապես անգլերենի ուսուցումը, առավելապես սովորողների անձնական նախաձեռնողականության շնորհիվ մեծ զարգացում է ապրել: Սակայն օտար լեզվի ուսուցման կատարելագործումը, ըստ նախարարի՝ չի կարելի թողնել միայն սովորողների ու նրանց ծնողների նախասիրությունների վրա. " Մենք այդ բացը լրացնելու համար լայնորեն օգտվել և օգտվելու ենք միջազգային գործընկերների ընձեռած բոլոր հնարավորություններից, որոնք կբարձրացնեն դպրոցներում օտար լեզուների դասավանդման արդյունավետությունը",- շեշտել է նախարարը: Ա. Աշոտյանը նաև տեղակացրել է, որ հաջորդ տարվանից ՀՀ ԿԳՆ-ն պատրաստ է ասպիրանտուրայի ընդունելության ժամանակ, բացի TOEFEL-ից, իբրև անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ, ընդունել նաև Բրիտանական խորհրդի կողմից տրվող IElTS-ի հավաստագիրը: Համաժողովին ներկա են եղել նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը, կրթության ոլորտի բազմաթիվ մասնագետներ՝ ՀՀ բուհերից ու տարբեր դպրոցներից:

Նմանատիպ նյութեր