211652_close_icon
views-count3917 դիտում article-date 19:53 11-02-2015

Բնակչուհին մեղադրվում է պոռնկագրական բնույթի նյութեր պատրաստելու և տարածելու, ինչպես նաև՝ ինքնասպանության փորձի հասցնելու մեջ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է քաղաքացի Անիի կողմից Լոռու մարզի 3 բնակչի դիմանկարներով պոռնկագրական բնույթի նյութեր պատրաստելու և տարածելու, անձնական արժանապատվությունը պարբերաբար նսեմացնելու ճանապարհով նրանցից մեկին անզգուշությամբ ինքնասպանության փորձի հասցնելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ Անին 2013 թվականի փետրվարից հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում ամուսնության նպատակով մտերիմ հարաբերություն է ունեցել Արամի հետ, ինչը հետագայում խզվել է։ Տեղեկանալով, որ վերջինս ցանկանում է ամուսնանալ մեկ այլ աղջկա հետ, վրեժխնդիր լինելու դրդապատճառով, Անին իր տանը, համակարգչում, «ֆոտոշոփ» ծրագրի միջոցով, 2013 թվականի հուլիսին պոռնկագրական բնույթի նյութեր է պատրաստել այդ աղջկա դիմանկարով։ Այնուհետև դրանք տարածել է «odnoklassniki» և «Вконтакте» սոցիալական ցանցերում՝ նրա անունով իր կողմից բացված էջերի միջոցով։ Չդիմանալով նվաստացումներին՝ աղջիկը 2013 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, փորձել է ինքնասպան լինել՝ իրենց բնակարանի պատուհանից նետվելու միջոցով, ինչը նկատել է և կանխել եղբայրը: Քննությամբ պարզվել է, որ Անին 2014 թվականի գարնանն ամուսնության նպատակով մտերիմ հարաբերություններ է ունեցել Արտյոմի հետ։ Վերջինիս հետ հարաբերությունները խզելուց հետո Անին տեղեկացել է, որ նա ցանկանում է ամուսնանալ մեկ այլ աղջկա՝ Նարինեի հետ։ Վրեժխնդիր լինելու նպատակով 2014 թվականի մայիսին, «ֆոտոշոփ» ծրագրի միջոցով, Նարինեի և նրա եղբոր դիմանկարներով Անին պատրաստել է պոռնկագրական բնույթի նյութ, ինչը տարածել է «odnoklassniki» սոցիալական ցանցում՝ Նարինեի անվամբ իր կողմից բացված էջի միջոցով։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Անիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով, 110-րդ հոդվածի 1-ին մասով և 263-րդ հոդվածի 1-ին մասով: 2015 թվականի փետրվարի 6-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել է դատարան։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր