211652_close_icon
views-count770 դիտում article-date 11:46 10-02-2015

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Զորի Բալայանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զորի Բալայանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ: «Հարգելի՛ պարոն Բալայան, Սիրելի՛ Զորի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ: Որպես հասարակական-քաղաքական, ազգային գործիչ և որպես գրող-հրապարակախոս՝ Դուք մեծ ավանդ եք ներդրել հայ հրապարակագրության զարգացման և հարստացման գործում՝ միշտ Ձեր ուշադրության կենտրոնում պահելով համայն հայությանը հուզող հրատապ խնդիրները: Դուք նշանակալի ավանդ եք բերել Արցախյան ազատագրական պայքարում՝ հանդիսանալով Ղարաբաղյան շարժման ոգեշնչողներից, ղեկավարներից և գաղափարախոսներից մեկը: Լայն արձագանքի արժանացած Ձեր գրքերով և հրապարակումներով, որոնցում նաև մեր ազատամարտի ողջ տարեգրությունն է, նպաստում եք աշխարհասփյուռ հայության համախմբմանն ու միասնականացմանը: Որպես ճանապարհորդ և բժիշկ՝ «Կիլիկիա» և «Արմենիա» նավերով կատարած շուրջերկրյա ճանապարհորդություններով, Հայաստանի Հանրապետության և Արցախի պետական դրոշները պարզած հատելով ծովեր ու օվկիանոսներ, սատարել եք մեր պայքարի միջազգայնացմանը։ Մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ եռանդ և ստեղծագործական նորանոր հաջողություններ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր