33683 դիտում
09:23 17-01-2015
Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. փլուզման հետևանքով մի քանի կրպակներ հավասարվել են հողին. մարդիկ չգիտեն՝ ով է փոխհատուցելու վնասը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական տարածքում՝ նախկին «Էրեբունի» շուկայի տարածքում, փլուզում է տեղի ունեցել:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Էրեբունու բաժնի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Տեղում են նաև Ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցները:
Այս պահին նշված տարածքում ծառայություն են կատարում ոստիկանության Էրեբունու բաժնի պարեկապահակային ծառայութան գնդի 1-ին վաշտի ծառայողները, ովքեր մեծ դժվարությամբ հետաքրքրասեր քաղաքացիներին հեռացնում են այդ տարածքից:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ, ըստ նախնական տեղեկությունների, փլուզումը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 02:00-02:30-ի սահմաններում, ինչի հետևանքով մի քանի տաղավարներ ամբողջովին հավասարվել են հողին, իսկ մի քանիսն էլ փլուզման վտանգի առաջ են հայտնվել: Տաղավարների մեծ մասում եղել է գույք, այդ թվում՝ խմիչքներ, համակարգիչներ,հագուստ և կենցաղային այլ իրեր:
Այստեղ են տեղադրված նաև «Ամերիաբանկ»-ի, «Արդշինինվեստբանկ»-ի, «Արմկոնվերսբանկ»-ի մի քանի բանկոմատներ, որոնք նույնպես վնասվել են: Միակ հուսադրողն այն է, որ, բարեբախտաբար, զոհեր և վիավորներ չկան:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, ըստ հավաքվածների, նշված տարածքում կառուցվում է ինչ-որ առևտրի կենտրոն, և կենտրոնի հիմքը փորելու պատճառով է տեղի ունեցել փլուզումը: Թե ով է մարդկանց փոխհատուցելու վնասը, կրպակատերերը չգիտեն և հույս էլ չունեն, որ պատկան մարմինները օգնության ձեռք կմեկնեն իրենց:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իրավիճակի մասին տեղեկացվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանին, ում կարգադրությամբ թաղապետարանի համապատասխան կառույցների ներկայացուցիչները ժամանել են նշված վայր և ուսումնասիրում են խնդիրը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+