211652_close_icon
views-count1015 դիտում article-date 17:34 09-12-2014

Ծավ-Շիշկերտ ավտոճանապարհին աշխատանքներ են տարվում երթևեկությունը վերականգնելու համար

ՀՀ Սյունիքի մարզի Ծավ և Շիշկերտ գյուղերն իրար կապող միջպետական Մ17 ճանապարհից դեպի Շիշկերտ տանող ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում դեկտեմբերի 6-ին տեղի էր ունեցել խոշոր փլուզում: 700 խմ ծավալով ժայռաբեկորները երկկողմանի փակել են հանրապետական նշանակության ավտոճանապարհը: Դեպքից անմիջապես հետո վթարված հատվածում էին Կապանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները: Տեղի ունեցածի մասին նրանք տեղեկացրել են համապատասխան կառույցների ներկայացուցիչներին: Նման ծավալի փլուզում այս ճանապարհին առաջին անգամ է: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ փլուզված ճանապարհահատված էին այցելել նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետները՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, արագ և օպերատիվ լուծումներ գտնելու նպատակով: Տեղում ուսումնասիրություններ էին կատարում նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները: Հաշվի առնելով ժայռաբեկորների ծավալները, մասնագետների համատեղ քննարկման արդյունքում որոշվեց ժայռաբեկորները մանրացնել պայթեցման միջոցով: Այդ աշխատանքներն իրականացնելու համար ժայռաբեկորների վրա նախ անհրաժեշտ է անցքեր բացել՝ դրանցում պայթուցիկներ տեղադրելու համար: Աշխատանքների կատարման արագ ընթացքին խոչընդոտում է նաև ճանապարհամերձ ժայռից կախված հսկա քարաբեկորը, որը նույնպես ամեն րոպե կարող է ընկնել: Չնայած Ծավ-Շիշկերտ ճանապարհահատվածում երթևեկության ինտենսիվությունն այնքան էլ մեծ չէ, սակայն ճանապարհի փակ լինելը մի քանի օր է բազմաթիվ դժվարություններ է առաջացրել գյուղացիների համար: Մասնագետների հավաստմամբ, եթե եղանակային պայմանները չխոչընդոտեն, պայթեցման աշխատանքներ կատարելու համար կպահանջվի 2-3 օր, որից հետո Կապանի ճանշինի աշխատակիցները համապատասխան տեխնիկայի միջոցով սեղմ ժամկետներում ճանապարհը կմաքրեն ժայռաբեկորներից և այն կդարձնեն ամբողջությամբ երթևեկելի տրանսպորտային բոլոր միջոցների համար: Աշխատանքների բարեհաջող ընթացքի դեպքում ճանապարհն ամբողջությամբ երթևեկելի կլինի 4-5 օրվա ընթացքում:

Նմանատիպ նյութեր