211652_close_icon
views-count929 դիտում article-date 19:32 08-12-2014

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարին կատարած աշխատանքի համար` բարձր գնահատելով նրա անձնական ներդրումը ՀՀ–ԵԽ գործակցության խորացման գործում եւ հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Իր հերթին Օլեքսանդր Պավլյուկը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին արդյունավետ համագործակցության համար՝ նշելով, որ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամն ու սիրով կպահպանի կապերը մեր երկրի եւ ժողովրդի հետ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ՀՀ-ԵԽ համագործակցության ընթացքից եւ մասնավորապես, 2012-2014 թթ. Գործողությունների ծրագրի արդյունքներից: Երկուստեք ընդգծվել է, որ Գործողությունների ծրագրով նախատեսված ծրագրերը հաջող իրականացվել են, եւ բարեփոխումների արդյունքում Հայաստանը որպես ԵԽ անդամ երկիր էական առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Կողմերը բարձր են գնահատել նաեւ 2013 թ. մայիս-նոյեմբեր ամիսներին ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության արդյունքները, ինչը հնարավորություն տվեց զարգացնել երկկողմ համագործակցությունը եւ ակտիվացնել երկխոսությունը ԵԽ անդամ երկրների հետ: Անդրադառնալով համագործակցության առաջնահերթություններին եւ հեռանկարներին՝ Հովիկ Աբրահամյանը եւ Օլեքսանդր Պավլյուկը մտքեր են փոխանակել նաեւ ՀՀ-ԵԽ 2015-2017 թթ. Գործողությունների ծրագրի վերաբերյալ, որը ներկայում քննարկման փուլում է եւ հնարավորություն կտա շարունակել ընթացիկ բարեփոխումները:

Նմանատիպ նյութեր