211652_close_icon
views-count1688 դիտում article-date 16:10 03-12-2014

ՀՀ Քաղավիացիան նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել մի շարք երկրների ավիացիոն իշխանությունների հետ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության համատեղ պատվիրակությունը Վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի գլխավորությամբ 2014 թվականի նոյեմբերի 16-ից 23-ը այցելել էր Ինդոնեզիա Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) հովանու ներքո կազմակերպվող Օդային հաղորդակցությունների շուրջ բանակցությունների կոնֆերանսին (ԻԿԱՆ/2014) մասնակցելու նպատակով: Նոր պայմանավորվածություններ մի շարք երկրների ավիացիոն իշխանությունների հետ Կոնֆերանսի շրջանակներում հայկական պատվիրակությունը օդային հաղորդակցությունների շուրջ երկկողմանի հանդիպումներ է անցկացրել Եվրամիության պատվիրակության և 13 պետությունների քաղաքացիական ավիացիոն իշխանությունների պատվիրակությունների հետ: Այդ երկրների թվում էին Լեհաստանը, Իսլանդիան, Նիդերլանդները, Ավստրալիան, Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Սինգապուրը, Կատարի Պետությունը, Թաիլանդը, Քուվեյթի Պետությունը, Նորվեգիան և Հորդանանը: Հանդիպումների ընթացքում յուրաքանչյուր պատվիրակությանը հայկական կողմը մանրամասն ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2013-2014 թվականներին որդեգրած օդային ոլորտի ազատականացման քաղաքականությունը շահագրգիռ կազմակերպություններին՝ առավելապես ավիաընկերություններին, ներկայացնելու իրենց հետագա բիզնես ծրագրերում Հայաստանը նույնպես ներառելու նպատակով: Կատարի պատվիրակության հետ բանակցությունների ընթացքում կողմը ընդունեց հայկական պատվիրակության առաջարկը և ուսումնասիրեց վերջինիս կողմից կանխավ աշխատանքային կարգով ուղարկված «Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության» տեքստը, որով նախատեսվում է վերացնել գործող համաձայնագրում առկա սահմանափակումները և ավելացնել թռիչքային անվտանգության մասին հոդված: Հանդիպմանը ներկա էր «Qatar Airways» ավիաընկերության ներկայացուցիչը, որը տեղեկացրեց, որ ավիաընկերությունը նախատեսում է 2015 թվականի ընթացքում մեկնարկել նաև դեպի Երևան կանոնավոր չվերթներ: Հանդիպման արդյունքում պատվիրակությունների ղեկավարների կողմից ստորագրվել է խորհրդակցությունների արդյունքներով կազմված փոխըմբռնման հուշագիր: Լեհաստանի պատվիրակության հետ քննարկվել են երկու պետությունների միջև օդային հաղորդակցությունների ներկայիս վիճակը, ազատականացման դրույթները, օդային հաղորդակցությունների ոլորտում գործող երկկողմանի համաձայնագրում առկա սահմանափակումները, որոնց վերացման նպատակով պատվիրակությունները համաձայնեցին գործող համաձայնագրում փոփոխություններ մտցնելու մասին արձանագրության նախագիծ պատրաստել: Իսլանդիայի պատվիրակության հետ քննարկվել են երկու պետությունների միջև օդային հաղորդակցությունների ձևավորման հարցերը, ազատականացման հնարավորությունները, առկա սահմանափակումները (շաբաթական 7 չվերթ հաճախականություն յուրաքանչյուր կողմի նշանակված ավիափոխադրողների համար): Հանդիպման արդյունքում պատվիրակությունների ղեկավարների կողմից ստորագրվել է խորհրդակցությունների արդյունքներով կազմված փոխըմբռնման հուշագիր, որի համաձայն երկու կողմից նշանակված ավիափոխադրողներին իրավունք է վերապահվում առանց հաճախականությունների սահմանափակման իրականացնել կանոնավոր չվերթներ ուղևորափոխադրումնեի համար: Թաիլանդի պատվիրակության հետ հայկական պատվիրակությունը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որդեգրած օդային ոլորտի ազատականացված քաղաքականությունը, և Թաիլանդի պատվիրակությունը մատնանշեց Թաիլանդում կիրառվող աստիճանական ազատականացման քաղաքականությունը: Արդյունքում, ձեռքբերվեց բանավոր պայմանավորվածություն (քանի որ թաիլանդական պատվիրակությունը լիազորված չէր հուշագիր ստորագրելու համար) ձեռնարկել քայլեր մոտ ապագայում համաձայնագրի նախագիծը վերջնական փոխհամաձայնեցնելու և այն ստորագրման հասցնելու նպատակով, ինչը իրավական հիմք կձևավորի երկու երկրների միջև կանոնավոր չվերթների ձևավորման և զարգացման համար: Նիդերլանդների պատվիրակության հետ քննարկվել են երկու պետությունների միջև օդային հաղորդակությունների ազատականացման դրույթները, օդային հաղորդակցությունների ոլորտում գործող երկկողմանի համաձայնագրում առկա սահմանափակումները, որոնց վերացման նպատակով պատվիրակությունները քննարկեցին և փոխհամաձայնեցրին գործող համաձայնագրում փոփոխություններ մտցնելու մասին արձանագրության նախագիծը: Ավստրալիայի և Հայաստանի Հանրապետության միջև չի հաստատվել օդային հաղորդակցություն: Սակայն հայկական պատվիրակությունը, ընդունելով ավստրալական պատվիրակության առաջարկը հանդիպել Ինդոնեզիայում կայանալիք համաժողովի շրջանակներում, վերջինիս հետ անց կացրեց քննարկումներ` քաղաքացիական ավիացիայի ոլորտում համագործակցության հնարավորությունների բացահայտման նպատակով: Պատվիրակությունները պայմանավորվեցին ներկայացնել վերոնշյալ քննարկման արդյունքները և Փոխըմբռնման հուշագրի տեքստը երկու երկրների կառավարությունների քննարկմանը և համապատասխան լիազորույթունների առկայության դեպքում շարունակել բանակցությունները: Քուվեյթի պատվիրակության հետ քննարկվել են քաղաքացիական ավիացիայի բնագավառում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպիսիք են՝ պետությունների միջև օդային հաղորդակցությունների ձևավորման հնարավորությունները, ներկայիս ազատականացված միջավայրում գործող օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրի դրույթների վերանայման անհրաժեշտությունը, ինչպես նաև երթևեկության ազատության իրավունքների տրամադրումը: Շվեյցարիայի պատվիրակության հետ քննարկվել են երկու պետությունների միջև օդային հաղորդակությունների հետագա ազատականացման հնարավորությունները, օդային հաղորդակցությունների ոլորտում գործող երկկողմանի համաձայնագրում ներկայումս փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը: Նորվեգական կողմն աշխատանքային կարգով նախապես հայկական կողմի քննարկմանն էր ներկայացրել Օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրի նախագիծ, ինչպես նաև Սկանդինավյան Ավիաընկերությունների Համակարգի (Scandinavian Airlines System - SAS) հետ կապված փոխըմբռնման հուշագրի տեքստերը: Սակայն, հաշվի առնելով, որ ԻԿԱՆ/2014-ին չէին ներկայացել Դանիայի և Շվեդիայի Թագավորությունների պատվիրակությունները, իսկ սկանդինավյան երեք պետությունները քաղաքացիական ավիացիայի ոլորտում վարում են ընդհանուր քաղաքականություն և կնքում են նույնական օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրեր, հայկական կողմը նշեց, որ վերոնշյալ համաձայնագրի և փոխըմբռնման հուշագրի տեքստը պատրաստ կլինի ստորագրման միայն երեք պետությունների հետ դիվանագիտական ուղիներով համաձայնեցումից հետո: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության պատվիրակության հետ հայկական պատվիրակությունն առաջարկեց վերանայել երկու երկրների ավիացիոն իշխանությունների միջև կնքված փոխըմբռնման հուշագրերով սահմանված պարտավորությունները` վերացնելու թռիչքների հաճախականության գործող սահմանափակումնրը: Բրիտանական պատվիրակությունը մեծ հետաքրքրությամբ ընդունեց հայկական պատվիրակության առաջարկը և, նշելով, որ ներկայումս ավիաընկերությունները նոր շուկա ուսումնասիրելիս և նոր ուղղություններ ընտերիս մեծապես հաշվի են առնում համաձայնագրերի թարմությունն ու սահմանափակումների բացակայությունը, հաստատեց վերոնշյալ համաձայնագրի վերանայման և նոր փոխըմբռնման հուշագրի կնքման անհրաժեշտությունը: Սինգապուրի Հանրապետության պատվիրակության հետ Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև չեն հաստատվել օդային հաղորդակցություններ և չկա գործող համաձայնագիր երկու պետությունների կառավարությունների միջև: Հաշվի առնելով երկու երկրների միջև օդային հաղորդակցությունների հաստատման դրական ազդեցությունը առևտրի, տուրիզմի և տնտեսության այլ ոլորտների զարգացման վրա` հայկական պատվիրակությունը ԻԿԱՆ/2014-ի շրջանակներում Սինգապուրի Հանրապետության պատվիրակության հետ անցկացրեց քննարկումներ: Հունաստանի Հանրապետության պատվիրակության հետ քննարկվել են երկու պետությունների միջև օդային հաղորդակցությունների ազատականացման հարցերը և հնարավորությունները, օդային հաղորդակցությունների ոլորտում գործող երկկողմանի համաձայնագրում առկա սահմանափակումները (շահագործման համար թույլատրելի քաղաքները, սակագների և չվացուցակների հաստատման պահանջները, ազատ մրցակցային պայմանները), որոնց վերացման նպատակով հայկական պատվիրակությունը փոխանցեց արձանագրության նախագիծ գործող համաձայնագրում փոփոխություններ մտցնելու նպատակով: Հայկական պատվիրակությունն առաջարկեց նաև փոխադարձության սկզբունքով կողմերի նշանակված ավիաընկերություններին տրամադրել ազատության երթևեկության երրորդ, չորրորդ և հինգերորդ ազատության իրավունքներով անսահմանափակ հաճախականությամբ չվերթների իրականացման հնարավորություն, ինչի առնչությամբ հունական պատվիրակությունը հայտնեց, որ վերջինս ներկայումս չի կարող ամբողջությամբ բավարարել այս մոտեցումը և առաջարկեց այն ամրագրել մասամբ. Հորդանանի Հաշիմյան Թագավորություն: Դեռևս 2014 թվականի հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության նախագահի` Հորդանան կատարված պետական այցի շրջանակներում նախատեսվում էր ստորագրել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը, որը Հայաստանի Հանրապետությունում անցել էր ներպետական ընթացակարգ և պատրաստ էր ստորագրման: Սակայն, հորդանանյան կողմը, չհասցնելով ավարտել համաձայնագրի ներպետական համաձայնեցման ընթացակարգը, հետաձգեց ստորագրումը` խնդրելով դա իրականացնել ԻԿԱՆ/2014-ի շրջանակներում: Կողմերը համաձայնագրի նախագծի տեքստում կատարեցին որոշակի փոփոխություններ` հանելով առկա սահմանափակումները` համաձայն Բաց երկնքի քաղաքականության և նշագրեցին այն: Հորդանանյան պատվիրակությունը հայտարարեց, որ Աքաբայի «Թագավոր Հուսեյն» միջազգային օդանավակայանում հայտարարվել է բաց երկնքի քաղաքականություն և, որ Հայաստանի Հանրապետության կողմից նշանակված ավիաընկերությունները կարող են շահագործել երթուղիները` օգտագործելով երթևեկության ազատության հինգերորդ իրավունքը: Հանդիպման արդյունքում պատվիրակությունների ղեկավարների կողմից ստորագրվել է խորհրդակցությունների արդյունքներով կազմված փոխըմբռնման հուշագիր, որով պայմանավորվեցին հնարավորին սեղմ ժամկետներում համաձայնագրի տեքստը հասցնել ստորագրման և սահմանեցին, որ, համաձայնագրի ուժի մեջ մտնելուն պես երկու երկրների կողմից նշանակված ավիաընկերություններին իրավունք է վերապահվում շահագործել երթուղիները` առանց տարողության, հաճախականության և ուղղությունների սահմանափակման: Հայկական պատվիրակության հետ երկկողմանի բանակցություններին մասնակցող բոլոր պատվիրակությունները համաձայնվեցին ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման համար ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք նախատեսված են յուրաքանչյուր կողմի ներպետական ընթացակարգերով:

Նմանատիպ նյութեր