211652_close_icon
views-count855 դիտում article-date 18:28 25-11-2014

Հունաստանը կողմ է ԼՂ հակամարտության կարգավորմանը Մինսկի խմբի ձեւաչափով. Հունաստանի դեսպան

Նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հայաստանի հանրապետությունում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ և հույն ժողովուրդների դարերի պատմություն ունեցող բարեկամությունը՝ կարեւորելով Հունաստանի հավասարակշռված պաշտոնական դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Զրուցակիցները երկու երկրների և ժողովուրդների հարաբերություններում կարևորել են միջխորհրդարանական կապերի սերտացումն ու զարգացումը՝ առանձնահատուկ նշանակություն տալով պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությանը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ ԱԺ փոխնախագահը Հունաստան-Հայաստան բարեկամության խմբին հրավիրել է մասնակցելու ոգեկոչման միջոցառումներին: Ավելին՝ պարոն Շարմազանովն առաջարկել է Հունաստանի խորհրդարանում կազմակերպել Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկարների ցուցադրություն: Նա ընդգծել է, որ Հայաստանն անելու է ամենը՝ մարդկության դեմ իրագործված ոճիրները դատապարտելու համար: Հունաստանի դեսպանը ողջունել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի անցկացումը: Խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը խնդրի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձեւաչափով: Էդուարդ Շարմազանովը դատապարտել է ադրբեջանական կողմի՝ տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը սպառնացող քաղաքականությունը: Հունաստանի դեսպան Իոաննիս Տայիսն ընդգծել է, որ Հունաստանը ևս ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով, Մինսկի խմբի ձեւաչափով: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին՝ նա այն որակել է որպես մեծ հանցագործություն ժամանակակից պատմության մեջ:

Նմանատիպ նյութեր