Արքայազն Չարլզը Լոնդոնում այցելեց Սուրբ Եղիշե հայկական եկեղեցի
Նոյեմբերի 19-ին Ուելսի արքայազն Չարլզը Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցի, որտեղ հանդիպում ունեցավ հայ համայնքի հետ:
Միջոցառմանը մասնակցում էին աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, բարերար Վաչե Մանուկյանը, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Եկեղեցում կայացած հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Իրաքի թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանն անդրադարձավ Մերձավոր Արևելքում քրիստոնեության առջև ծառացած մարտահրավերներին և ահազանգեց դրանց հետևանքների մասին:
Իր ելույթում Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը շեշտեց արքայազն Չարլզի և Հայաստանի ու հայության միջև առկա բարեկամական կապերի նշանակությունը:
Արքայազն Չարլզը հանդես եկավ ուղերձով: