1527 դիտում
13:38 13-11-2014
Կառավարությունն առաջարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարել
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը, անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքներին, ասել է. «Մեկ անգամ ևս ցանկանում եմ բոլորիս անունից ցավակցել Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված մեր քաղաքացիների հարազատներին, մերձավորներին: Միաժամանակ, ինձ ներկայացված նախնական զեկույցների արդյունքների հիման վրա ուզում եմ մեր համապատասխան գերատեսչությունների ուշադրությունը սևեռել հատկապես գազային լիցքավորման բալոնների տեխզննման գործընթացների և անվտանգության ապահովման խնդիրների վրա: Հանձնարարում եմ պատկան մարմիններին, համապատասխան գերատեսչություններին մեկ ամսվա ընթացքում կառավարության քննարկմանը ներկայացնել համապարփակ լուծումներ»:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության սահմանադրության 70-րդ հոդվածով, կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2014 թվականի նոյեմբերի 17-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ, օրակարգում ընդգրկելով 27 հարց:
Կառավարությունը որոշել է հավանություն տալ «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Փոփոխությունների ընդունման արդյունքում ՀՀ տեխնիկական կանոնակարգման և որակի ենթակառուցվածքի բնագավառում օրենսդրությունը կհամապատասխանի Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը, ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման ժամանակ կնպաստի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արտադրանքի ազատ տեղաշարժին:
Գործադիրի հավանությանն են արժանացել նաև «Ցորենի ալյուրի հարստացման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Սահմանվում են հացամթերքների արտադրության մեջ օգտագործվող ալյուրի հարստացման, սննդամթերքի անվտանգության ապահովմանը ներկայացվող պահանջները, ոլորտում իրավաբանական և ֆիզիկական անձանց պարտականությունները: Օրենքի ընդունմամբ բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրը 30 և ավելի տոննա հզորություն ունեցող ալրաղացներում կենթարկվի հարստացման, որի արդյունքում կբարելավվեն երեխաների, վերարտադրողական տարիքի կանանց, ինչպես նաև չափահասների առողջության ցուցանիշները՝ կապված երկաթի և ֆոլաթթվի անբավարարության հետևանքով առաջացող հիվանդությունների նվազման հետ:
Քննարկելով ՀՀ ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Լևոն Դոխոլյանի, Հովհաննես Մարգարյանի և Իշխան Խաչատրյանի ներկայացրած՝ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է երեխայի խնամքի նպաստի իրավունքը տարածել ինչպես աշխատող, այնպես էլ չաշխատող ծնողի վրա, կառավարությունը նախագծի հեղինակներին առաջարկել է առայժմ ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումից և դրան անդրադառնալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ քննարկմանը ներկայացված նախագծերի փաթեթի քննարկման շրջանակում:
«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծի՝ ներկայացված տեսքով ընդունմանը կառավարությունը դեմ է արտահայտվել, նախագծի հեղինակներին առաջարկելով խնդրին անդրադառնալ ՀՀ կառավարության կողմից ԱԺ քննարկմանը ներկայացվելիք նախագծի քննարկումների շրջանակում:
Կառավարությունը ներկայումս նպատակահարմար չի համարել ընդունել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած՝ «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոխել որոշակի ծածկագրերով ՀՀ մաքսային սահմանով «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ավտոմեքենաների ներմուծման ժամկետները և քանակը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությունով հանդես է եկել ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, նման բովանդակությամբ՝ նաև պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը և Հեղինե Բիշարյանը: Ներկայացված նախագծերով նախատեսվում է նվազեցնել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված վարչական տուգանքների չափերը: Նկատի ունենալով, որ միջգերատեսչական աշխատանքային խումբը քննարկում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ նոր հայեցակարգային մոտեցումներ, կառավարությունը նախագծերի հեղինակներին առաջարկել է առայժմ ձեռնպահ մնալ քննարկումից:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Նմանատիպ նյութեր
2361 դիտում
11:36 27-02-2015
Կառավարությունն առաջարկել է Ազգային ժողովին արտահերթ նիստ գումարել
1141 դիտում
12:56 22-06-2015
Կառավարությունն առաջարկել է Ազգային ժողովին արտահերթ նստաշրջան գումարել
1021 դիտում
12:17 30-06-2015
Կառավարությունն առաջարկել է Ազգային ժողովին արտահերթ նստաշրջան գումարել
Այս բաժնից
733 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
841 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
592 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին