211652_close_icon
views-count7023 դիտում article-date 17:18 12-11-2014

Հովիկ Աբրահամյանը Դիլիջանում ծանոթացավ միջազգային դպրոցի ներկա և ապագա ծրագրերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց: Կառավարության ղեկավարը շրջել է հոկտեմբերին դռները բացած դպրոցով, ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին, ուսումնական հաստատության ենթակառուցվածքներին եւ առաջիկա ծրագրերին: Տեղեկացվել է, որ առաջին ուսումնական տարում Դիլիջանի միջազգային դպրոց է ընդունվել 96 աշակերտ աշխարհի մոտ 50 երկրից՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՊՀ այլ պետություններից, Եվրոպայից եւ Ասիայից, Մերձավոր Արեւելքից, Աֆրիկայից, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներից, Ավստրալիայից: 2023թ.-ին դպրոցը կհասնի նախատեսված լիակատար բեռնվածությանը, եւ աշակերտների ընդհանուր թիվը կկազմի 650, իսկ ուսուցիչներինը՝ 60: Վարչապետ Աբրահամյանը, ողջունելով դպրոցի աշակերտներին, զրուցել է նրանց հետ, ծանոթացել դպրոցից ստացած նրանց տպավորություններին: «Ուրախ եմ, որ աշխարհի տարբեր երկրներից ժամանել եք Հայաստան՝ այս գեղեցիկ դպրոցում կրթություն ստանալու համար: Այս ժամանակը դուք պետք է օգտագործեք արդյունավետ՝ հնարավորինս շատ գիտելիք ստանալու համար»: Վարչապետը նշել է, որ մի քանի անգամ այցելել է դպրոց եւ տեղյակ է, թե ինչպիսի պրոֆեսիոնալ մանկավարժներ են այստեղ աշխատում, ովքեր ամեն ինչ անելու են, որպեսզի աշակերտները հիմնարար գիտելիք ստանան: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել դպրոցի ստեղծման նախաձեռնողներին՝ այս ծրագիրն իրականացնելու համար: Շնորհալի աշակերտների 90%-ը դպրոցում սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ: Հայաստանցի շնորհալի երեխաները կազմում են Դիլիջանի միջազգային դպրոցի աշակերտների 10-12%-ը: Սփյուռքի հայ համայնքներից դպրոցում ուսանող աշակերտների տոկոսը կկազմի մոտ:Ուսուցումն իրականացվում է աշխարհի առաջատար համալսարանների կողմից ճանաչված IB Diploma (Միջազգային բակալավրիատի դիպլոմ) ծրագրով: 2017 թ.-ին կսկսվի 13-14 տարեկան աշակերտների ընդունելությունը՝ IGCSE (Միջնակարգ կրթության միջազգային ընդհանուր ատեստատ) ուսումնական ծրագրով: Դիլիջանի միջազգային դպրոցը դարձել է նաեւ Միացյալ hամաշխարհային քոլեջների (United World Colleges) ցանցի լիիրավ անդամ, ինչը թույլ է տալիս սաներ համախմբել ավելի քան 100 երկրներից: Միացյալ hամաշխարհային քոլեջների համակարգը ներկայում ներառում է 12 ուսումնական հաստատություններ ողջ աշխարհում, որոնք ամեն տարի հյուրընկալում են տարբեր ազգության երիտասարդների: Նրանց ընտրությամբ զբաղվում է ազգային հանձնաժողովների ցանցը 140 երկրներում: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ Դիլիջանից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 142+
142+

Նմանատիպ նյութեր