211652_close_icon
views-count1443 դիտում article-date 16:43 11-11-2014

940 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն՝ օրինախախտ ընկերությանը

ՖՆ օպերատիվ հետախուզության վարչության 2-րդ բաժինը 2014թ. 10 ամսում իրականացրել է օպերատիվ-հետախուզական 110 միջոցառում` արդյունքում հարկ վճարողներին առաջադրելով մոտ 55մլն դրամ տուգանք, որն ամբողջությամբ վերականգնվել է: Իսկ չափագրումների և բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 73 ստուգմամբ առաջադրվել է պետական բյուջե վճարման ենթակա ավելի քան 1մլրդ 154մլն դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն: Շարունակելով հետևողական վերահսկողությունը հարկային դաշտը շրջանցել փորձողների նկատմամբ` օպերատիվ հետախուզության վարչության 2-րդ բաժինն օրերս խոշոր խախտում է արձանագրել «Ի ԷՄ ԷՅՋ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՓԲԸ-ում: Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարություն, շինարարական մեքենաների և սարքավորումների վարձույթ, լիզինգ, ինչպես նաև շինանյութի մեծածախ առևտուր իրականացնող այս ընկերության համախառն եկամուտը 2012-2013թթ. ֆինանսական տարիներին կազմել է մոտ 6.5մլրդ դրամ: «Ի ԷՄ ԷՅՋ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ»-ում ՕՀՎ 2-րդ բաժնի և Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության աշխատակիցների համատեղ ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունում խախտվել են «Շահութահարկի մասին» օրենքի պահանջները: Մասնավորապես հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվել է դրա ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով: Այսինքն` ընկերությունը, չունենալով անհրաժեշտ և հիմնավոր փաստաթղթեր, 2012-ի շահութահարկի հաշվարկում նվազեցումներն ավել է ցույց տվել 1մլրդ 956մլն դրամի չափով, հետևաբար ավել է ցույց տվել նաև հարկային վնասը` 351մլն դրամի չափով, իսկ հարկվող շահույթը` 1մլրդ 605մլն դրամով պակաս: Ընկերությունը նաև սահմանված ժամկետից ուշ է վճարել 2012-2013թ.թ. նվազագույն շահութահարկը: Ստուգման արդյունքներով կազմվել է վարչական ակտ` ընկերությանն առաջադրելով 936.6մլն դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն: Գործի հետագա ընթացքը լուծելու համար ակտն ուղարկվել է Քննչական վարչություն, իսկ առաջադրված հարկային պարտավորությունների վերականգնման ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ:

Նմանատիպ նյութեր