Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները նվազել են. 168 ժամ
«168 ժամ»-ը գրում է, որ այս տարվա առաջին 9 ամիսների արդյունքներով՝ ՀՀ-ից Ռուսաստան արտահանման ծավալները նվազել են 15.2 միլիոն դոլարով կամ 6.5%-ով: Եթե նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին արտահանման ծավալը 235.1 միլիոն դոլար էր, ապա այս տարվա առաջին 9 ամիսներին այն նվազել է մինչև 219.8 միլիոն դոլար:
Ընդ որում, արտահանումը նվազել է հիմնականում սննդամթերքի ապրանքախմբի գծով, որը դեպի Ռուսաստան արտահանման գերակշիռ մասն է կազմում: Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 182.1 միլիոն դոլարի սննդամթերք և խմիչք: Իսկ այս տարի արտահանման ծավալը նվազել է 16.3 միլիոն դոլարով կամ 9%-ով:
Թերթը հիշեցնում է, որ այս տարվա օգոստոսի սկզբին, երբ Ռուսաստանը, որպես իր նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատասխան՝ փակեց գյուղմթերքների շուկան ԱՄՆ-ի, Եվրամիության, Կանադայի և Ավստրալիայի առջև, ՀՀ պաշտոնյաները հայտարարեցին, որ Հայաստանը դրանից կարող է շահել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։