1234 դիտում
16:38 30-10-2014
Կբարձրացվի զինծառայողի ընտանիքի սոցիալական պաշտպանվածությունը
Կառավարությունը հավանություն է տվել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Փոփոխությունները պայմանավորված են զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությամբ:
Մասնավորապես, ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ ծառայողական պարտականությունները կատարելու հետևանքով զոհված՝ (այդ թվում՝ ազատամարտիկների), ինչպես նաև ծառայության ընթացքում մահացած զինծառայողների ընտանիքների շուրջ 3900 անդամ, ում կենսաթոշակի չափը ցածր է 31.000 դրամից (այդ թվում՝ զոհված ազատամարտիկների ընտանիքների շուրջ 2800 անդամ, ում կենսաթոշակի չափը կազմում է 21.000 դրամ), զինվորական կենսաթոշակի փոխարեն կստանա 31.000 դրամ, իսկ երեխան՝ 38.000 դրամ պարգևավճար:
Քննարկելով ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի ներկայացրած «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, կառավարությունը հեղինակին առաջարկել է առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից և համագործակցել կառավարության հետ նոր օրենքի մշակման աշխատանքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արժույթի միջազգային հիմնադրամի երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի շրջանակում ՀՀ կառավարության մտադրությունների նախագծում ամրագրված է նաև ոգելից խմիչքների համար 2015 թվականից ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման հարցը:
Կառավարությունը հավանություն է տվել «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որով հստակեցվում են գործատուների կողմից օտարերկրյա աշխատուժի օգտագործման հետ կապված հարաբերությունները:
Կառավարությունը դեմ է արտահայտվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի և Թևան Պողոսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին, Զանգվածային լրատվության մասին, Հիմնադրամների մասին և մի շարք ՀՀ օրենքներում, իր դիրքորոշումը հիմնավորելով կառավարության եզրակացության մեջ:
Քննարկելով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում, նպատակ ունենալով հանրային ծառայության որոշակի պաշտոններում բացառել դատվածություն ունեցող քաղաքացիների նշանակումը, կառավարությունը դեմ է արտահայտվել ներկայացված նախագծի ընդունմանը, որովհետև իրավական այլ խնդիրներից բացի այդ դեպքում կիմաստազրկվի նաև դատվածությունը հանելու կամ մարելու նորմը:
Նույն պատգամավորի ներկայացրած մեկ այլ նախագծի վերաբերյալ, որով առաջարկվում է փոփոխություն և լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում, նպատակ ունենալով կարգավորել պետական տուրքը վերադարձնելու հետ կապված գործառույթները, կառավարությունն իր եզրակացության մեջ հիմնավորել է, որ գործող օրենսդրությամբ պետական տուրքը վերադարձնելու հետ կապված հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են, ուստի նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Նմանատիպ նյութեր
13047 դիտում
17:34 16-10-2019
«Հայաստանում ոստիկանների պաշտպանվածությունը պետք է բարձրանա». Նիկոլ Փաշինյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ