14276 դիտում
15:48 29-10-2014
Դավիթաշենում ավազակային հարձակման ենթարկված ամուսինները դեպքի մասին առաջինը հայտնել են խանութի մենեջերին
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ավազակային հարձակում և ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է հոկտեմբերի 26-ին 2 անհայտ անձանց կողմից Դավիթաշեն 3-րդ թաղամասի 59/3 տան բնակիչների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու փաստով:
Այդ օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, անհայտ, դիմակավորված անձինք, որոնցից մեկը եղել է հրազենով, մտել են նշված հասցե, զենքի սպառնալիքի տակ կպչուն ժապավենով կապել տան բնակիչներ, 58-ամյա Սվետլանա Ղազարյանին և նրա ամուսնուն՝ 65-ամյա Վաչագան Դուրեյանին, որից հետո բռնություն գործադրելով նրանց նկատմամբ՝ հափշտակել են 2470 եվրո, 105 ԱՄՆ դոլար, 100 հազար ՀՀ դրամ, ոսկյա զարդեր և Sumsung տեսակի 3 հատ բջջային հեռախոս:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հանցագործ ստահակները նրանց պատճառել են 1 մլն 900 հազար ՀՀ դրամի վնաս:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժած ամուսիններն այդ մասին հայտնել են Դավիթաշեն 3-րդ թաղամասի բնակիչ Հունան Սիմոնյանին, ով դեպքի մասին տեղեկացրել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքին:
Ֆոտոլրագրողի տեղեկություննրով՝ Հ. Սիմոնյանը տուժած ամուսինների բարեկամն է, ով աշխատում է Դավիթաշենում գործող «Գլամուր» խանութում՝ որպես մենեջեր:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի