211652_close_icon
views-count1679 դիտում article-date 18:49 25-10-2014

Նախագահը ներկա է գտնվել «Իրավունք» թերթի 25-ամյակին նվիրված միջոցառմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում ներկա է գտնվել «Իրավունք» թերթի 25-ամյակին նվիրված միջոցառմանը: Հոբելյանի կապակցությամբ, թերթի կայացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար, Հանրապետության Նախագահը Հայկ Բաբուխանյանին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով: «Իրավունք» թերթի 25-ամյակի կապակցությամբ պետական պարգևի՝ Երախտագիտության մեդալի են արժանացել նաև թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը և թերթի տնօրեն Գեղամ Գրիգորյանը՝ թերթի կայացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև բազմամյա նվիրումի և արգասաբեր աշխատանքի համար: Սերժ Սարգսյանը շնորհավորել է թերթի խմբագրակազմին և ընթերցողներին հոբելյանի առթիվ, մաղթել հաջողություն և արգասաբեր աշխատանք: *** Նախագահ Սերժ Սարգսյանն շնորհավորական խոսքում ասել է. «Հարգելի՛ բարեկամներ, Սիրելի՛ իրավունքցիներ, տիկնայք և պարոնայք, Սրտանց շնորհավորում եմ Բոլորիս «Իրավունք» թերթի 25-ամյա հոբելյանի կապակցությամբ: Քսանհինգ տարին պատկառելի տարիք է որևէ հաստատության համար, լրատվամիջոցի համար՝ առավել ևս: «Իրավունք»-ը, փաստորեն, դարձավ մեր անցած քսանհինգ տարիների պատմության վկաներից մեկը: Վաղը շատ պատմաբաններ փորձելու են վերականգնել մեր անցած ճանապարհը նաև «Իրավունք»-ի նյութերով: Նրանք ուսումնասիրելու են դրանք, համադրելու են այլ աղբյուրների ու վկայությունների հետ, փորձելու են գնահատական տալ անկախ Հայաստանի պատմությանը: Իսկ դա փառահեղ պատմություն է. պայքարի, մաքառման, տոկունության և հաղթանակի պատմություն է: Նման պատմությամբ վստահորեն կարելի է հպարտանալ: Մենք՝ բոլորս միասին, որևէ դժվարության առջև չընկրկեցինք: Ընդհակառակը՝ մենք համառ էինք մեր նպատակներն ու իղձերը կյանքի կոչելու մեջ: Մարդու կյանքում առաջին քսանհինգ տարին, ամենայն հավանականությամբ, ամենաերջանիկ, անհոգ և ուրախ տարիներն են: Քսանհինգ տարեկանում բոլորս էլ կյանք ենք մտել՝ ուրվագծելով մեր երազանքի ճանապարհը: Ամեն մեկի մոտ տարբեր է ստացվել: Սակայն նրանք, ովքեր իրենց համար հստակ նպատակներ էին սահմանել, միշտ էլ հետագայում հաջողության են հասել: Անշուշտ, թերթի այդ նույն առաջին քսանհինգ տարիների շրջանն այդքան անհոգ չէր կարող լինել: Թերթի համար, վստահ եմ, դա հաստատման, կայացման, զարգացման, անշուշտ, նաև պայքարի տարիներ էին: Այսօր, կարծում եմ, «Իրավունք»-ն իրավամբ իր արժանի տեղն է զբաղեցնում Հայաստանի ազատ լրատվական դաշտում: Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Մենք պետք է ճանաչենք, որ այսօր մեր ազգային պետության շենքը կանգուն է նաև լրատվամիջոցների ազատ աշխատանքի շնորհիվ: Դա մեր պետության ու հասարակության կարևորագույն և ամենաամուր հիմնասյուներից մեկն է: Այս տարվա սկզբին ես մեկ այլ առիթով ասել եմ, որ մեր երկրում եղած խնդիրների ազատ քննարկումը ոչ թե մեր թուլության, այլ մեր ուժի վկայությունն է: Այն, որ մենք չենք մոլորեցնում մեր ժողովրդին, կրկին, միայն ու միայն մեր ուժն է վկայում: Իհարկե, խոսքի ուժը հզոր է: Գևորգ Էմինի տված սահմանումը շատ դիպուկ է. «Խոսքը զենքի պես զգու՜յշ գործածիր, Երբ խառն է դարը. Նույն արճիճի՜ց են ձուլում, իմացի՜ր, Գնդակն ու ... տառը»: Այսօր, իհարկե, աշխարհը շատ է փոխվել, և տառն արդեն չեն ձուլում, իսկ թերթերը շարում են համակարգիչների միջոցով: Բայց խոսքի ուժը շարունակում է մնալ հզոր: Ես ուրախությամբ արձանագրում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքի ուժը կերտում է, զտում է, օգնում է մեզ կատարելագործվել: Իսկ առկա թերություններն էլ շատ դեպքերում բավականին դառը այդ դեղամիջոցի կողմնակի հետևանքներն են: Որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ՝ վերահաստատում եմ մեր իշխանությունների հավատարմությունը խոսքի և լրատվամիջոցների ազատությանը: Լրագրողների և լրատվամիջոցների ազատ գործունեությունը լավագույնս պաշտպանված է մեր երկրի օրենսդրությամբ: Վերջին տարիների ընթացքում այն հետևողականորեն կատարելագործվել է՝ հետևելով մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում միջազգային և եվրոպական լավագույն փորձին: Այսօր զգալիորեն նվազել են լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը: Այդ առումով հատկապես կարևորում եմ, որ լուրջ միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի մեր իրականությունից վերանա լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ ֆիզիկական բռնություն կիրառելու զազրելի երևույթը: Ուրախալի է, որ մեր երկրում առկա այս դրական միտումները ճանաչվել են այս ոլորտը գնահատող միջազգային հեղինակավոր կազմակերպությունների բազմաթիվ զեկույցներում: Սրանք բոլորը միտումներ են, որոնք անհրաժեշտ է ամրապնդել և զարգացնել: Այդ միտումները ցույց են տալիս, որ խոսքի ազատությունը մեր երկրում անշրջելի իրողություն է: Մեր խնդիրն է, ոչ միայն պահպանել եղածը, այլև զարգացնել այն՝ համադրելով բոլորիս ջանքերը: Սիրելի՛ իրավունքցիներ, Խոսքս ամփոփելով՝ կրկին սիրով շնորհավորում եմ ձեզ՝ ձեր թերթի այս հոբելյանի կապակցությամբ: Պատմաբաններն ասում են, որ քսանհինգ տարին այն ժամանակահատվածն է, որի ընթացքում նոր սերունդ է ձևավորվում: Հուսով եմ, որ ձեր թերթն ընթերցելու են ազատ ու անկախ Հայաստանի շատ-շատ նոր սերունդներ: Հաջողություն, արգասաբեր աշխատանք և, անշուշտ, կանաչ ճանապարհ եմ մաղթում «Իրավունք»-ին՝ ի շահ մեր երկրի և հասարակության: Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ ձեր քսանհինգամյա դժվարին, բայց պատվաբեր ճանապարհը: Շնորհակալություն»:

Նմանատիպ նյութեր