211652_close_icon
views-count969 դիտում article-date 10:22 13-10-2014

ՀՀ վարչապետը Վաշինգտոնում հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենին

Վաշինգտոն կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ջին Յոնգ Ցային: Վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) դերակատարումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում և կարևորել հետագա փոխգործակցությունը: Նրա խոսքով՝ համագործակցության անցած 15 տարիների ընթացքում մեր երկրում իրականացվել են ավելի քան 320 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով ներդրումային ծրագրեր, գերազանցապես ֆինանսական շուկաների, արդյունաբերության և հանքարդյունահանման ոլորտներում: «Մեր երկիրը վերջին տարիներին գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ ինստիտուցիոնալ և կարգավորման դաշտի լրջագույն բարեփոխումներ է իրականացրել, այդ թվում` ՄՖԿ-ի գործուն աջակցությամբ»,-նշել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ տեսչական համակարգի բարեփոխումները ՀՀ կառավարության քաղաքականության օրակարգի առանցքային ուղղություններից են, և կառավարությունը հավատարիմ է մնալու իր որդեգրած հանձնառություններին: Նա կարևոր է համարել, որ ՄՖԿ-ն ավելացրել է իր մասնակցությունը Համաշխարհային բանկի հետ Հայաստանի գործընկերության ներկա ռազմավարության շրջանակում: Միջազգային ֆինանսական կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենը, կարևորելով փոխգործակցությունը Հայաստանի հետ, գոհունակությամբ արձանագրել է իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը և նշել, որ շարունակելու են աջակցել և ծրագրեր իրականացնել հանքարդյունաբերության, ագրոբիզնեսի, էներգետիկայի և այլ ոլորտներում, մեծացնել ներդրումային պորտֆելը տնտեսության իրական հատվածում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համագործակցությանն առնչվող այլ հարցերի ևս: Վաշինգտոնում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել նաև Ամերիկայի ազգային կոմիտեի (ANCA) ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի արտաքին, ներքին քաղաքականությանը, տնտեսության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր