Ռուսաստանի և Վրաստանի նախագահների հանդիպման պահը դեռ չի հասունացել. նախագահի խորհրդական
Ռուսաստանի և Վրաստանի նախագահների հանդիպման հարցը դեռ չի հասունացել: Նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահի՝ արտաքին հարցերով խորհրդական Թենգիզ Պխալաձեն՝ մեկնաբանելով Forbes Georgia-ին տված Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հարցազրույցը:
Պխալաձեն նշել է, որ Մարգվելաշվիլին ներկա պահին էլ պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած հանդիպմանը, որը կգործի ի նպաստ Վրաստանի:
«Նախագահը մեկ անգամ չէ, որ հայտնել է ցանկացած քաղաքական գործչի հետ հանդիպելու պատրաստակամության մասին, որքան էլ օրակարգում դրված լինեն բարդագույն հարցեր,այդ թվում՝ Վրաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ: Նախագահն այդ հանդիպումներից չի խուսափում, սակայն ներկա պահին այդ հարցը չի քննարկվում»,-ասել է նա՝ հավելելով, որ եթե Ռուսաստանը պատրաստ լինի Վրաստանի տարածքներն ազատելուն, այդ դեպքում հնարավոր կլինի հանդիպում կազմակերպել:
Forbes Georgia-ին տված հարցազրույցում Մարգվելաշվիլին ասել էր, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինին ինքը շատ հետաքրքիր մարդ է համարում, ով ունակ է իրատեսականորեն լուծել Վրաստանի համար ամենաբարդ հարցերը:
«Ես անձամբ չեմ ճանաչում նրան, սակայն հուսով եմ, որ նա ռացիոնալ քաղաքականության կողմնակից է»,-ասել էր Վրաստանի նախագահը: