211652_close_icon
views-count1418 դիտում article-date 17:29 06-10-2014

Մայր Աթոռի Մատենադարանի և Հայաստանի Ազգային գրադարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի` հոկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց «Անցյալի պահպանություն՝ հանուն ապագայի» խորագրով հայկական գրադարանների երրորդ միջազգային համաժողովը, որը գումարվել է ՀՀ Մշակույթի նախարարության, Մայր Աթոռի և Հայաստանի Ազգային գրադարանի աջակցությամբ: Համաժողովի ընթացքում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Տ. Արարատ քահանա Պողոսյանը և Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Հուշագրով նախանշվող համագործակցության շրջանակներում երկու կառույցներն իրենց նպաստն են բերելու հայագիտության պահպանման, զարգացման ու տարածման, երիտասարդ սերնդի դաստիարակության և ազգային-հոգևոր արժեքների մասին իրազեկման կարևոր գործին, խթանելու են հայագիտական կենտրոնների հետ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը, իրականացնելու են հայ տպագիր ժառանգության և փաստաթղթերի թվայնացման, թվային գրադարանի ստեղծման, թվայնացման միջոցով վտանգված նյութերի երկարաժամկետ պահպանության ծրագրեր: Հուշագրով նախատեսվում է նաև գրադարանավարների համար «Վարպետաց դասերի» կազմակերպում Հայաստանի Ազգային գրադարանում, մասնագետների փոխայցեր, համատեղ ցուցադրություններ և համաժողովներ: Համագործակցության շրջանակներում Մայր Աթոռի Մատենադարանը կներգրավվի «Հայ պարբերական մամուլի համահավաք գրացուցակ»-ի և հայ հնատիպ ու վաղ շրջանի գրքերի համահավաք շտեմարանների ձևավորման աշխատանքներում: Նախանշված աշխատանքների իրականացման նպատակով կստեղծվի Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և Հայաստանի Ազգային գրադարանի ներկայացուցիչներից կազմված հանձնախումբ:

Նմանատիպ նյութեր