211652_close_icon
views-count1120 դիտում article-date 16:23 06-10-2014

Մեկնարկել է «Մշակութային մտավոր ժառանգության պահպանության խնդիրներն ու զարգացման հեռանկարները» գիտաժողովը

Հոկտեմբերի 6-ին Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է «Մշակութային մտավոր ժառանգության պահպանության խնդիրներն ու զարգացման հեռանկարները» երիտասարդական միջազգային գիտաժողովը՝ նվիրված Թորոս Թորամանյանի ծննդյան 150-ամյակին: Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, ՀՀ քաղաքաշինության նախարարության, Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի և ՀՀ-ում ռուս համագործակցության ներկայացուցչության հետ համատեղ։ Գիտաժողովի բացումը համընկել է Ճարտարապետության միջազգային օրվան։ Բացման արարողությանը ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշեց, որ ինքն այն երջանիկ ճարտարապետներից է, որը Թորոս Թորամանյանի գործերը կարդացել է ամբողջությամբ և ոչ մեկ անգամ։ «Իմ ամբողջ աշխարհայացքը փոխվել է այն օրից, երբ այդ աշխատությունները, ամբողջ հատորները կարդացի»,- ասաց նախարարը՝ հայ ճարտարապետությամբ հետաքրքրվողներին ու այն ուսումնասիրողներին, հատկապես երիտասարդներին խորհուրդ տալով ծանոթանալ Թորամանյանի ժառանգությանն ամենայն մանրամասնությամբ: Նախարարն ընդգծեց, որ մեր օրերում շատ է կարևորվում ժառանգության պահպանման խնդիրը՝ հատկապես տեսնելով այն հետաքրքրությունը, որը կա մեր տարածաշրջանում մշակութային արմատները փնտրելու, զարգացնելու, հասկանալու առումով: Նախարարի խոսքով՝ հենց Թորամանյանին կարելի է համարել այն բացառիկ գիտնականներից մեկը, ով շատ ազնվորեն է վերաբերվում մշակութային փոխառնչություններին: Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշեց, որ ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը մեկնարկել է 2012թ. հուլիսից, առաջին տարում ծրագրի բյուջեն 100 միլիոն դրամ էր, այնուհետև կրկնապատկվել է՝ դառնալով 200 միլիոն դրամ։ Ծրագրի շրջանակներում տարբեր տիպի միջոցառումներ են իրականացվում՝ երիտասարդ գիտնականների գիտաժողովների ֆինանսավորում, գիտական գործուղումներ, դրամաշնորհների տրամադրում, գիտական լրագրության մրցույթ, երիտասարդ գիտնականների գիտական հոդվածների խրախուսում և այլն։ Երկու տարիների ընթացքում ծրագիրը բազմաթիվ շահառուներ է ունեցել՝ ավելի քան 500 երիտասարդ գիտնական անմիջականորեն մասնակցել և ֆինանսավորվել է։ Արվեստաբան, ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղար Անի Հայկազունը տեղեկացրեց, որ «Մշակութային մտավոր ժառանգության պահպանության խնդիրներն ու զարգացման հեռանկարները» խորագրով գիտաժողովին մասնակցում են գիտնականներ Ռուսաստանի Դաշնությունից, Թուրքիայից, Իրանից, Արցախից։ Ներկա էին նաև երիտասարդ գիտնականներ մարզերից։ Գիտաժողովի ընթացքում արծարծվող ոլորտներն են՝ ճարտարապետություն, արվեստ և մշակույթ, պատմություն, հուշարձանների պահպանում և վերականգնում։

Նմանատիպ նյութեր