211652_close_icon
views-count914 դիտում article-date 11:53 01-10-2014

Հայաստանի հոգեբուժարաններում խոշոր ներդրումներ կատարելու շուրջ բանակցություններ են տարվում Համաշխարհային բանկի հետ

Հոգեբուժական ծառայությունը շարունակում է մնալ նախարարության ուշադրության կենտրոնում։ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշվեց, որ չնայած արձանագրված դրական տեղաշարժերին, որոշ հոգեբուժարաններում դեռևս կան բացթողումներ և խնդիրներ։ Նախարարը հոգեբուժական հաստատությունների ղեկավարներին հանձնարարեց գործունեությունը ծավալել բացառապես օրենսդրության շրջանակներում և ապահովել գործող նորմերի կատարումը։ Քննարկման ընթացքում կարևորվեցին բժշկական օգնությանը, անվտանգությանը, ներհիվանդանոցային ռեժիմի պահպանմանը, հիվանդներին տրամադրվող սննդի որակին վերաբերող հարցերը: Արմեն Մուրադյանը տնօրենների ուշադրությունը հրավիրեց հիվանդների իրավունքների պաշտպանության խնդրի վրա և հորդորեց պաշտոնական այցերի կամ տարբեր ստուգումների ժամանակ տրամադրել միայն այն տվյալները, որոնք օրենքով սահմանափակված չեն։ Նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին հանձնարարվեց խստացնել հոգեբուժարանների հանդեպ հսկողությունը։ Շարունակել իրականացվող մշտադիտարկումները, ապահովել բժշկական օգնության և սպասարկման որակի, կարգուկանոնի ապահովմանն ուղղված աշխատանքները։ Կարևորվեց նաև մատակարարող կազմակերպություններից միայն որակյալ և պիտանիության համապատասխան ժամկետներ ունեցող սննդամթերքի ընդունումը։ Նշվեց, որ հոգեբուժարաններում առկա որոշ հիմնախնդիրների լուծման համար պահանջվում են խոշոր ներդրումներ, ինչի շուրջ բանակցություններ են վարվում Համաշխարհային բանկի հետ։

Նմանատիպ նյութեր