904 դիտում
17:49 26-09-2014
Սահմանամերձ գյուղերում ծանոթանում են Հայկական հարցի պատմությանն ու Հայոց ցեղասպանության փուլերին
«Մարզային նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպության «Ազգային թեմաների կարևորությունն ու արդիականությունը դպրոցներում» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 24-ին նախաձեռնվեց այց Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարանի միջնակարգ դպրոց: Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
Ծրագրի նպատակն է նպաստել մատաղ սերնդի շրջանում ազգային հարցերի նկատմամբ հետքրքրության աճին՝ բարձրացնելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին ուղղված ներկայումս իրականացվող ռազմավարության, պահանջատիրության, ինչպես նաև ՀՀ անվտանգության համար ցեղասպանության ճանաչման նշանակության մասին իրազեկվածության մակարդակը:
Դասախոսությունը սկսվեց «Հոշոտված Հայաստան» (http://www.youtube.com/watch?v=SMe6YpseFeE) վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ: Նախքան ֆիլմի ցուցադրությունը լսարանին ներկայացվեց ոչ միայն ֆիլմի ստեղծման պատմությունը, այլև Արշալույս Մարտիկանյանի հոգեցունց պատմությունը, որի հուշագրության հիման վրա էլ նկարահանվել էր ֆիլմը: Արշալույս Մարտիկանյանի կենսագրության ներկայացումը զուգորդվում էր երեխաներին ուղղված հարցերով` արդյոք գիտե՞ն իրենց նախնիների պատմությունը, իրենց տան կենսագրությունը, որտեղի՞ց են սերում, ի՞նչ գիտեն կորսված օջախի, հողի, գյուղի մասին։
Երեխաներից յուրաքանչյուրի պատմությունը զուգակցվում էր Արշալույս Մարտիկանյանի անցած դաժան ուղուն, և այդ համադրությամբ ստեղծվում էր համապարփակ պատկեր:
Դասընթացավար Ա. Արշակյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանությունը՝ որպես Օսմանյան կայսրության և դրա իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետության կողմից ծրագրված, շեշտեց, որ Աբդուլ Համիդի իրականացրած, Ադանայի կոտորածները և Կիլիկիայի հայության դեմ ուղղված հանցագործություններն Առաջին աշխարհամարտին սկիզբ առած գործընթացների հետ մեկ ամբողջականություն են և մեկ քաղաքականության շարունակականությունը: Նա ներկայացրեց Հայկական հարցի պատմությունը, այնուհետև՝ Հայոց ցեղասպանության փուլերը:
Դասընթացավարն ընդգծեց, որ հայ ժողովուրդը ցեղասպանված ժողովրդից վերածվել է պահանջատեր ժողովրդի, որի շահերին տեր պետք է կանգնի յուրաքանչյուր հայ։
Նշենք, որ «Ազգային թեմաների կարևորությունն ու արդիականությունը դպրոցներում» ծրագիրն իրենց դպրոցներում իրականացնելու համար «Մարզային նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությանը դիմեցին Վանանդ, Երասխահուն և Հայկավան գյուղերի դպրոցների տնօրենները:
Նմանատիպ նյութեր
5912 դիտում
21:05 05-03-2017
Վ. Կրայնևի անվան դաշնակահարների միջազգային 2-րդ մրցույթի եզրափակիչ փուլերին կմասնակցի Խաչիկ Անդրեասյանը
Այս բաժնից
595 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
898 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1927 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է