1070 դիտում
12:50 26-09-2014
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով ժամանեց Հնդկաստան
Սեպտեմբերի 25-ին Ծայրագույն Արևելքի երկրներ կատարելիք Հովվապետական այցի շրջանակներում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց Հնդկաստան: Նույն օրը Նորին Սրբությունն այցելեց Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցի՝ Հնդկաստանի հայոց հոգևոր հովիվ, Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Զավեն աբեղա Յազիչյանի, Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Պարույր քահանա Ավետիսյանի, եկեղեցական վարչության անդամներ տիկ. Սյուզան Ռուբենի, պրն. Սունիլ Սոբթիի և հյուրերի ուղեկցությամբ: Եկեղեցու հարակից գերեզմանատանն աղոթք մատուցվեց ննջեցյալների հոգիների հանգստության համար:
Այնուհետև Վեհափառ Հայրապետն այցելեց Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ հանդիպում ունեցավ հնդկահայոց համայնքի անդամների հետ, նաև օրհնեց և բժշկության աղոթք կատարեց ծերանոցի բնակիչների համար: Հանդիպումից հետո եկեղեցու գերեզմանատանը կատարվեց հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Հնդկաստանում ապրած հայորդիների:
Նույն օրը Ամենայն Հայոց Հայրապետն այցելեց Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարան, որտեղ ճեմարանի պաշտոնեությունը և աշակերտներն ավանդական աղ ու հացով դիմավորեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին` առաջնորդելով ճեմարանի դահլիճ:
Հանդիսությունը սկսվեց Տերունական աղոթքով և Հայաստանի, Հնդկաստանի և ճեմարանի օրհներգերով: Այնուհետև Վեհափառ Հայրապետին ողջունեց ճեմարանի կառավարիչ Տ. Զավեն աբեղա Յազիչյանը` հույս հայտնելով, որ Նորից Սրբության այցը կխանդավառի ճեմարանականներին` առավել ջանասիրությամբ և նախանձախնդրությամբ ուսանելու հեռավոր Հնդկաստանում:
Հանդիսության ընթացքում ճեմարանի երգչախումբը կատարեց նշանավոր հայկական, հնդկական և բենգալյան ազգային երգեր, եղան պարային ելույթներ, սաները ասմունքեցին Գևորգ Էմինի «Սասունցիների պարը» պոեմը: Նորին Սրբության այցի առիթով իրենց ուրախությունն արտահայտեցին նաև ուսուցիչները, այս հատուկ առիթով ուսուցչուհի Սոմա Սարկարի կողմից կատարվեց բենգալյան երգ:
Ցերեկույթին ներկայացվեց նաև հնդկայահոց պատմությունը 17-րդ դարից մինչև մեր օրերը:
Հանդիսությունն ամփոփվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության խոսքով: Նորին Սրբությունը շնորհավորեց համայնքին, ճեմարանի աշխատակազմին և աշակերտներին վերջին տարում արձանագրված հաջողությունների և առաջընթացի առիթով: Հայոց Հայրապետը հորդորեց մանկավարժներին շարունակել իրենց բարի և ազնիվ առաքելությունը՝ կրթելու մանուկների նոր սերնդին, և հորդորեց կրթական հաստատության սաներին գնահատել և լավագույնս յուրացնել իրենց ջամբվող գիտելիքը:
Վերջում Հայրապետի այցի առիթով տեղի ունեցավ ճաշկերույթ՝ մասնակցությամբ աշակերտների, ուսուցիչների և հյուրերի:
Նմանատիպ նյութեր
2851 դիտում
12:31 25-10-2017
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ
1366 դիտում
09:28 31-01-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Ավստրալիա
1960 դիտում
17:55 16-08-2016
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Հնդկաստան
Այս բաժնից
919 դիտում
18:46 25-12-2024
Մահացել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը
1447 դիտում
18:21 25-12-2024
Աննա Հակոբյանը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում մասնակցել է տարեմուտի տոնական համերգին
1300 դիտում
18:09 25-12-2024
Հայտնի են 12-րդ դասարանի սովորողների՝ հունվար ամսին պետական ավարտական քննությունների օրերը