211652_close_icon
views-count1397 դիտում article-date 14:11 15-09-2014

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպան Իոաննիս Տայիսին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել Հունաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում սպանդանոցների զարգացմանը» ՊԳԿ-ի ծրագրի իրականացման ընթացքը: Ողջունելով հյուրերին` նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Հունաստանի խորհրդարանին և հույն ժողովրդին` հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար: «Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել ժամանակակից սարքավորումներով հագեցած հինգ սպանդանոց հանրապետության տարբեր շրջաններում: Մենք շնորհակալ ենք Հունաստանի կառավարությանը` ճգնաժամային պայմաններում Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար», - անդրադառնալով վերոգրյալ ծրագրին` ասել է նախարարը: Իր հերթին դեսպան Իոաննիս Տայիսը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ խոսքերի համար և տեղեկացրել, որ ծրագրի համար պահանջվող սարքավորումների վերջին խմբաքանակը շուտով կառաքվի Հայաստան: Պատվիրակության անդամ, սպանդանոցների համար սարքավորումների մատակարար պարոն Գ. Հացիոկիմիդիսը հավելել է, որ սեպտեմբերի վերջին Հայաստան կժամանեն հույն մասնագետներ` սարքավորումների տեղադրման աշխատանքներն ավարտին հասցնելու և հոկտեմբերի 20-ին շահագործման հանձնելու համար: Նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձել է նաև Հունաստանի Հանրապետության Նախագահի առաջիկա այցին Հայաստան, որի ընթացքում Հայաստանի և Հունաստանի գյուղատնտեսության նախարարությունները նախատեսում են ստորագրել համագործակցության մասին համաձայնագիր: Բացի այդ, այցի ընթացքում հնարավոր կլինի կազմակերպել հայ և հույն գործարարների բիզնես-հանդիպում: Զրույցի ավարտին կողմերը գոհունակություն են արտահայտել իրականացվող ծրագրերի ընթացքի առնչությամբ և ցանկություն հայտնել շարունակել երկկողմ համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում:

Նմանատիպ նյութեր