211652_close_icon
views-count1324 դիտում article-date 11:04 13-09-2014

Ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցման ծրագրի անդրանիկ միջոցառում-դասընթացը` Երևանի Գուրգեն Մահարու անվան դպրոցում

Նոր ուսումնական տարին Երևանի Գուրգեն Մահարու անվան թիվ 176 հիմնական դպրոցում նշանավորվեց ևս մեկ նշանակալից իրադարձությամբ: Սեպտեմբերի 10-ի առավոտյան դպրոցի բակում հավաքված աշակերտները կարևոր մի միջոցառման էին պատրաստվում, որը կազմակերպել էր Հայաստանում Լիտվայի դեսպանատունը, դեսպան Էրիկաս Պետրիկասի նախաձեռնությամբ: Անցկացվեց դպրոցականների համար նախատեսված ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցման ծրագրի անդրանիկ միջոցառում-դասընթացը: Ծրագրի մեկնարկին ներկա էին ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, ԿԳՆ հանրակրթության վարչության և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ, ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ ՆելլիԴուրյանն ու այլ ոստիկաններ։ Դեսպանատան նախաձեռնությամբ առաջին դասարանցիների համար բերվել էին անվտանգության լուսարձակ գոտիներ, որոնցով երեխաները ճանապարհներին կլինեն տեսանելի և ապահով: Պատահական չէր նաև այն, որ ծրագրի առաջին քայլերը հենց թիվ 176 դպրոցում են կատարվում` Գուրգեն Մահարու այրու՝ ազգությամբ լիտվացի Անտոնինա Մահարու պատվինէր։ Էրիկաս Պետրիկասը նշեց, որ կարևոր է դպրոցահասակ երեխաների շրջանում անվտանգ երթևեկության հանդեպ պատասխանատվություն սերմանելը, ինչը երեխաների մասնակցությամբ Ճանապարհային պատահարների նվազեցման գրավականն է: Հյուրերը մասնակցեցին դպրոցի սաների պատրաստած միջոցառմանը։ Նույն օրը Լիտվայի դեսպանատան աշխատակիցները եղան նաև Ճանապարհային ոստիկանությունում: Լիտվացի հյուրերը խոսեցին վերջին մեկ-երկու տասնամյակների ընթացքում ճանապարհային երթևեկության ոլորտում իրենց երկրում իրականացրած բարեփոխումների և ձեռք բերած հաջողությունների մասին: Ներկայացրեցին ոլորտում առկա նորարարությունները, որոնք թույլ են տվել զգալիորեն բարելավել երթեկության վիճակը և նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց հետևանք զոհերի և վիրավորների թիվը: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր