211652_close_icon
views-count836 դիտում article-date 13:30 10-09-2014

ՀՀ ԱՆ-ը որդեգրել է նոր ռազմավարություն, այն կնվազեցնի երեխաների շրջանում պնևմակոկային վարակների զարգացման ռիսկը

Վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում կարևորելով պատվաստումների դերը` առողջապահության նախարարությունը որդեգրել է նոր ռազմավարություն: Այն միտված է հանրային առողջապահության կանխարգելիչ ուղղությունը զարգացնելուն և հզորացնելուն, նոր պատվաստանյութերի միջոցով հիվանդությունների տարածվածությունը վերահսկելուն ու կառավարելուն: Այս նկատառումով սեպտեմբերի 16-ից Հայաստանի պատվաստումների պլանային օրացույցը համալրվելու է նոր՝ պնևմակոկային վարակների դեմ պատվաստումներով: Թոքաբորբերը և շնչառական այլ հիվանդությունները աշխարհում տարեկան ավելի քան 2 մլն երեխայի մահվան պատճառ են դառնում: Փորձագետների համոզմամբ երեխաների կյանքի առաջին տարվա ընթացքում մահվան դեպքերի գերազանց մեծամասնության պատճառը մանրէային թոքաբորբն է, որի պատճառագիտության մեջ հիմնական տեղը զբաղեցնում է պնևմակոկային հարուցիչը: Պնևմակոկային հարուցիչը ոչ միայն թոքաբորբի, այլև այլ ծանր ընթացքով մանրէային հիվանդությունների, մասնավորապես՝ մենինգիտի (ուղեղի թաղանթի բորբոքում) և բակտերեմիայի առաջացման գլխավոր պատճառներից մեկն է, մասնավորապես՝ վաղ հասակի երեխաների և տարեցների մոտ: ԱՀԿ տվյալներով աշխարհում տարեկան գրանցվում է մոտ 1 մլն պնևմակոկային մենինգիտի դեպք, որից մոտ 200,000–ն ավարտվում է անբարեհաջող ելքով: Պնևմակոկային վարակներին բնորոշ է բնակչության ավելի քան 50–70%-ի մոտ առողջ մանրէակրության զարգացումը: Վարակը հիմնականում փոխանցվում է օդա-կաթիլային ճանապարհով: Հիվանդացության պիկը գրանցվում է աշնանն ու ձմռանը, սակայն գրանցվում են միայն եզակի դեպքեր, իսկ բռնկումներ հազվադեպ են լինում: Հաստատվել է ուղղակի կապը սեզոնային սուր շնչառական վիրուսային և պնևմակոկային վարակներով (մասնավորապես` թոքաբորբերի) հիվանդացության բարձրացումների միջև։ Մասնավորապես` սեզոնային սուր շնչառական վարակները էականորն բարձրացնում են պնևմակոկային վարակների զարգացման ռիսկը : Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և ողջ աշխարհում, պնևմակոկային հարուցիչով առաջացած հիվանդությունների համաճարակաբանական տվյալները խիստ սուղ են՝ պայմանավորված պնևմակոկերի լաբորատոր ախտորոշման դժվարություններով, ինչպես նաև հակամանրէային դեղամիջոցների լայնածավալ կիրառմամբ: Հարկ է նշել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը յուրաքանչյուր երկրի համար կանխատեսել է պնևմակոկային վարակով պայմանավորված մահերի հաշվարկային ցուցանիշը: Հայաստանի Հանրապետության համար հաշվարկային այդ ցուցանիշը մինչև 5 տարեկան 100,000 երեխայի հաշվարկով կազմում է 10-ից մինչև 100, այսինքն` առկա մոտ 200 000 մինչև 5 տարեկան երեխաների շրջանում պնևմակոկային վարակի պատճառով Հայաստանում կարող է արձանագրվել տարեկան առնվազն 20-200 մահվան դեպք: Պնևմակոկային վարակների դեմ ամենարդյունավետ և տնտեսապես շահավետ կանխարգելիչ միջոցը պատվաստումներն են: Այս մասին է վկայում աշխարհի փորձը: Ամերիկյան մայրցամաքի և եվրոպական երկրներում մինչ կոնյուգացված պնևմակոկային պատվաստումների իրականացումը վաղ հասակի երեխաների շրջանում մոտ 80% դեպքերում ինվազիվ (մանրէային) հիվանդությունների պատճառը պնևմակոկերն էին: Պնևմակոկային պատվաստումների ներդրումից հետո գրեթե բոլոր երկրներում մինչև 2 տարեկան երեխաների շրջանում պնևմակոկային հիվանդությունների մակարդակը նվազել է 70%-ով: Նվազում է դիտվել բոլոր տարիքային խմբերում, այդ թվում` պատվաստման ոչ ենթակա ազգաբնակչության շրջանում: Հատկանշական է 65 տարեկան և բարձր տարիքային խմբում պնևմակոկային հիվանդությունների նվազումը: Այս օրինաչափությունը պայմանավորված է պնևմակոկային պատվաստումների ներդրումից հետո տարիների ընթացքում արտաքին միջավայրում հարուցչի պասիվ շրջանառության և բնակչության շրջանում կոլեկտիվ անընկալության զարգացման հետ: Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում նոր ներդրված բոլոր պատվաստումների արդյունքում դիտվել են շոշափելի արդյունքներ։ Հնգավալենտ պատվաստումների շնորհիվ զգալիորեն նվազել են մենինգիտները (ուղեղի թաղանթի բորբոքում), ռոտավիրուսային պատվաստումների արդյունքում` ռոտավիրուսային վարակները և այլն։ Ակնկալվում է, որ շատ շուտով տեսանելի կլինեն նաև պնևմակոկային պատվաստումներով պայմանավորված թոքաբորբերի և մենինգիտների նվազումը` դրանով իսկ վերահսկելով մանկական մահացությունը և նպաստելով վերջինիս կայուն նվազեցմանը։

Նմանատիպ նյութեր