211652_close_icon
views-count1036 դիտում article-date 15:30 08-09-2014

Տարոն Մարգարյանը հանձնարարեց հետևել ասֆալտապատման աշխատանքների ժամանակացույցի պահպանմանը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է հսկողությունը քաղաքացիների ու իրավաբանական անձանց կողմից ստացված դիմումների և գրությունների պատասխանների տրամադրման գործընթացի նկատմամբ: Նշվել է նաև, որ նախորդ ամսվա ընթացքում ստացված բոլոր 9843 գրություններին պատասխանվել է սահմանված ժամկետում: Մայրաքաղաքի փողոցների ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքների հետ կապված՝ զեկուցվել է, որ դրանք իրականացվում են համաձայն ժամանակացույցի: Զուգահեռ տարվում են նաև եզրաքարերի փոխարինման աշխատանքներ: Նախատեսված 56 հազար գծամետրից 37 հազարն արդեն տեղադրվել է: Հանձնարարվել է հատուկ հսկողություն իրականացնել և հետևել ասֆալտապատման աշխատանքների կատարման համար սահմանված ժամկետների և որակի պահպանմանը: Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ են կրթական և մշակութային հաստատությունների նորոգման աշխատանքները: 12 գրադարաններից 9-ում աշխատանքներն ավարտվել են: Նորոգման աշխատանքներն ավարտված են նաև 15 մանկապարտեզներում: Այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք ժամկետների առումով որոշակի խախտումներ են թույլ տվել, հանձնարարվել է օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան քայլեր ձեռնարկել: Զեկուցվել է, որ հարթ տանիքների նորոգման աշխատանքներ են իրականացվում 475 շենքերում, ընդ որում, 18-ում՝ հիմնանորոգման: Թեք տանիքներ ունեցող 538 շենքերից 7-ում նույնպես հիմնանորոգման աշխատանքներ են: Զեկուցվել է նաև, որ աշխատանքների ընթացքին տեղում հետևում, մասնակցում և գնահատում են վերին հարկաբաժինների բնակիչները: Անդրադառնալով հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման կանոնների պահպանմանը՝ զեկուցվել է, որ արձանագրված խախտումների մասով նախորդ շաբաթ վարչական 16 արձանագրություն է կազմվել: Զեկուցվել է, որ ավարտվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 8-րդ փուլը: Նշվել է, որ ծրագրի բոլոր փուլերում քաղաքապետարանի կողմից ցուցաբերվել է համապատասխան աջակցություն, և սփյուռքահայ երեխաները հավուր պատշաճի հյուրընկալվել են երևանաբնակ տասնյակ ընտանիքներում: Զեկուցվել է, որ 280 հասցեներից 174-ում ավարտվել են բակային տարածքների նկարազարդման ու գունազարդման աշխատանքները: ՀՀ անկախության տոնին ընդառաջ, հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել վարչական շրջաններում տոնական միջոցառումների անցկացման և մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր