1221 դիտում
18:05 27-08-2014
Լույս է տեսել «Ագրոմշակույթ» գիտահանրամատչելի պարբերականի առաջին համարը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի և Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Ագրոմշակույթ» պարբերականի շնորհանդեսը:
Այս գյուղատնտեսական պարբերականը, որն առաջինն է հանրապետությունում անկախացումից հետո, ստեղծվել է ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի ֆինանսավորմամբ և ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ:
Հանդեսը նախատեսված է գյուղատնտեսների, վերամշակողների, գյուղատնտեսության ոլորտում քաղաքականություն մշակողների, ինչպես նաև նրանց համար, ովքեր հետաքրքված են այս բնագավառին առնչվող խնդիրներով:
Պարբերականի հոդվածները նվիրված են ոլորտում առկա նորարարական մոտեցումներին, ժամանակակից տեխնոլոգիաներին, վերջին իրադարձություններին ու զարգացման հեռանկարներին: Հանդեսը կպատմի Հայաստանի և արտերկրյա առաջադեմ ֆերմերների մասին, ովքեր նոր տեսլական են ներկայացնում գյուղատնտեսության ոլորտում և իրենց գործունեությամբ կարող են օրինակ ծառայել այլ ֆերմերների համար:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր բացման խոսքում նշել է, որ ամսագիրը կհետաքրքրի բոլոր ֆերմերներին և պահանջված կլինի բոլորի կողմից: Բացի այդ, այն կդառնա նաև ոլորտով զբաղվող անձանց համար թարմ լրատվության աղբյուր: «Այս պարբերականին ցանկանում եմ բարի երթ և մեծ գործունեություն: Մեր աջակցությունը մշտապես լինելու է այդ կառույցին», - ասել է նախարարը:
Իր հերթին դեսպան Ջոն Հեֆերնը ընդգծել է գյուղատնտեսական ոլորտի առաջնահերթությունը Հայաստանի տնտեսության համար։ «Այդ պատճառով մեր ուշադրության կենտրոնում ևս գտնվում են հենց այդ ուղղությունները: Մենք ողջունում ենք նման պարբերականի լույս ընծայումը», - նշել է նա:
Խմբագիր Եվա Շահվերդյանը, խոսելով ամսագրի նպատակների մասին, շեշտել է, որ նոր հանդեսի հաջորդ համարներում խմբագրությունը կընդլայնի հոդվածների շրջանակը և հույս է հայտնել, որ պարբերականում հրապարակվող նյութերը հայ գյուղատնտեսների համար նոր մտքերի ու ծրագրերի աղբյուր կդառնան:
Ամսագրի հիմնադիր և հրատարակիչը CARD հիմնադրամն է, աջակիցը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը: Հանդեսը լույս է տեսնելու եռամսյակը մեկ և ունենալու է էլկտրոնային տարբերակ: Այն տարածվելու է անվճար:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
1429 դիտում
22:57 20-01-2015
Լույս է տեսել «Ցեղասպանագիտական հանդես»-ի անդրանիկ համարը
1667 դիտում
15:39 05-03-2014
Լույս է տեսել մարիխուանայի` աշխարհում առաջին գովազդային տեսահոլովակը. տեսանյութ